ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Խոսքը վերաբերում է Հայաստան ներմուծվող ցեմենտի և ցեմենտի հումքի տուրքի վերանայմանը:
«2019 թվականին Իրանում որոշակի տնտեսական զարգացումների հետևանքով այդ երկրում արտադրված ցեմենտի գինն այնքան նվազեց, որ իրանական ցեմենտը սկսեց լայն թափով մտնել հայաստանյան շուկա: Քանի որ դա լուրջ ռիսկ էր առաջացրել, որ մեր տեղական ցեմենտ արտադրողները մրցակցությանը չեն դիմանա և շուկայից դուրս կգան, որոշում ընդունվեց տուրքով պաշտպանել տեղական արտադրողին: Կիրառվեց տուրք՝ Հայաստան ներկրվող ցեմենտի յուրաքանչյուր տոննայի համար 14 հազար դրամ: Ֆորմալ առումով ցեմենտի ներկրումը դարձրինք լիցենզավորվող գործունեություն ու լիցենզիայի համար սահմանեցինք տուրք այն չափով, որ յուրաքանչյուր տոննա ներկրվող ցեմենտի գինը արհեստականորեն բարձրացվի, որպեսզի տեղական արտադրողները մրցակցությանը դիմանան»,- ասաց նախագծի համահեղինակ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
2021 թվականի մայիսին ցեմենտի և կլինկերի ներկրումը օրենսդրորեն համարվեց լիցենզավորվող գործունեություն, ցեմենտի ներկրման համար տուրքի չափը մնաց անփոփոխ, կլինկերի համար սահմանվեց 2 հազար դրամ՝ 1 տոննայի համար:
«Հիմա իրանական ցեմենտի գինը թանկացել է, այն, որ տրանսպորտային ծախսերը թանկացել են, Հայաստանում ցեմենտի պահանջարկը մեծացել է: Շուկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ իրանական ցեմենտը 14 հազար դրամ տուրքի պայմաններում անմրցունակ է դառնում տեղական շուկային: Սրա հետևանքով տեղի են ունեցել ներմուծվող ցեմենտի ծավալների էական անկում և գնի որոշակի բարձրացում: Հատկապես վերջին շրջանում կառուցապատողները բողոքում են, որ շուկայում նկատվում է դեֆիցիտ:
Առաջարկում ենք կլինկերի համար սահմանված 2 հազար դրամ տուրքը հանել, իսկ ցեմենտի ներկրման համար կիրառվող տուրքի չափը 14 հազար դրամից իջեցնել մինչև 9 հազար դրամ»,- ասաց Թունյանը: