ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է Եվրոպական հանձնաժողովի Եվրոպայի բնակչությանպաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) դրամաշնորհ՝ ԵՄ բնակչության պաշտպանության մեխանիզմի շրջանակներում «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» համատեղ դաշտային վարժանք անցկացնելու համար:
Սեպտեմբերի 6-8-ը Երևանում անցկացվում է ծրագրի առաջին պլանավորման կոնֆերանսը, որին մասնակցելու են կոնսորցիումի անդամ բոլոր կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև DG-ECHO-ի ծրագրի արդյունավետ իրականացման պատասխանատուն։
Նախարարությունը հանդիսանալու է ընդհանուր միջոցառման պլանավորման, կազմակերպման և իրականացման հյուրընկալող կողմ։
Պլանավորման կոնֆերանսին մասնակցում են՝ Չեռնոգորիայի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների, Կիպրոսի հանրապետության բնակչության պաշտպանության դեպարտամենտի, Հունաստանի Հանրապետության բնակչության պաշտպանության գլխավոր քարտուղարության, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության պաշտպանության դեպարտամենտի տնօրինության (առցանց), Ֆրանսիայի Հանրապետության երկրաբանության ինստիտուտի, Կիպրոսի եվրոպական համալսարանի ներկայացուցիչներ:
Ծրագրին մասնակցում է նաև Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների գործակալությունը՝ անդրսահմանային աղետների արձագանքման և փոխօգնության կազմակերպման կարողությունները ուժեղացնելու նպատակով։
Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրված ֆինանսական միջոցները (298.936 եվրո) ուղղվելու են ծրագրի 7 բաղադրիչների լուծումների՝ կառավարման, պլանավորման, վարժանքի իրականացման, վարժանքի մասին տեղեկատվության տարածման ու գնահատման, ժամանող կազմակերպությունների ներկայացուցիչների ու փրկարարական թիմերի դիմավորման կազմակերպման, սեմինարների ու կոնֆերանսների կազմակերպման համար:
Ծրագրի իրականացման հիմքում ընկած է նաև վրանների, գույք-սարքավորումների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումը:
Միջազգային գործընկերների ներկայացուցիչները սույն թվականի մայիսի 18-19-ը մասնակցել են Հայաստանում իրականացված ճանաչողական այցին։