Ժամանակները հեշտ չեն մեր տարածաշրջանի համար ևս. Վլադիվոստոկում ընթացող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շեշտել՝ մարտահրավերները, որոնք արդեն երկար ժամանակ կան մեր տարածաշրջանում, սրվում են՝ հատկապես երբ միջազգային հանրության և անվտանգության հարցերով ռազմավարական գործընկեր ՌԴ-ի ուշադրությունը կենտրոնանում է այլ խնդիրների վրա:
Փաշինյանի խոսքով՝ տվյալ դեպքում այն մեծապես կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ իրավիճակի վրա, և կա հստակ մտավախություն, որ դա կարող է բերել անկայունության մեր տարածաշրջանում:
Ստեղծված իրավիճակը Հայաստանի վարչապետը համեմատել է 2020-ի հետ, ընդգծելով, որ երբ Ադրբեջանը սկսեց պատերազմը, միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ուշադրությունը ամբողջապես կենտրոնացած էր կորոնավիրուսի համավարակի խնդիրների ուղղությամբ:
Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ և մյուս գործընկերների հետ սերտ գործակցությամբ հնարավոր կլինի վերահսկել տարածաշրջանում իրավիճակը, ինչը շատ կարևոր է նաև գլոբալ անվտանգության համար:
Նշենք, որ համաժողովին մասնակցում են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և այլ պետությունների ղեկավարներ: Այսօր նախատեսվում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան