Մեկնարկի հետհաշվարկն ավարտված է, տարածաշրջանում անցկացվող առաջին միջազգային գիտական փառատոնը սկսված է:
Օր երկրորդ: Սթիվեն Հոքինգի շքանշանի դափնեկիրները հանդիպում են միջազգային ու տեղական լրատվամիջոցների հետ:
«Սթարմուս» փառատոնի շրջանակում Սթիվեն Հոքինգի շքանշանն այս տարի առաջինը շնորհվեց Queen խմբի կիթառահար, Starmus փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյին։ Հուզիչ է, պարտավորեցնող՝ մրցանակին այսպիսին է համաշխարհային աստղի արձագանքը:
Կորոնավիրուսից հետո այս մեդալն ավելի ազդեցիկ է և կարևոր՝ Գարիկ Իսրայելյանի կարծիքն է:
Գարիկ Իսրայելյան - Սթիվեն Հոքինգի մեդալը տալիս ենք չորս բնագավառում` երաժշտություն և արվեստ, ֆիլմեր, գիտահանրամատչելի գրականություն և ամբողջ կյանքում արված աշխատանքի համար: Այս տարվա մեդալները արվեստի համար տվել ենք դոկտոր Բրայանին, գիտահանրամատչելի գրականության համար` Դայըն Աքերմանին։ Ֆիլմերը տվել են «ՆԱՍԱ»-ին, և ամբողջ կյանքում արված աշխատանքի համար՝ Դեյմ Ջեյն Մորրիս Գուդալին:
Սթիվեն Հոքինգի անվան մեդալներն առաջին անգամ «Սթարմուս III»-ի բեմում հանձնվեցին: Իր տեսակի մեջ բացառիկ այս մեդալը նախատեսված է գիտությունը հանրայնացնողների համար: Մեդալի մի կողմում պատկերված Սթիվեն Հոքինգի նկարի հեղինակը տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովն է: Մյուս կողմում բաց տիեզերքում քայլող երաժիշտ Բրայան Մեյն է և նրա հայտնի կիթառը: Առաջին հաղթողների ընտրությունը կատարել էր անձամբ Հոքինգը՝ 2016-ին՝ մահվանից երկու տարի առաջ: Հայտնելով հաղթողների անունները՝ ֆիզիկոսը նշել էր՝ նրանք մեծ ներդրում են ունեցել գիտության հանրահռչակման գործում:
«Մոռացե՛ք Օսկարը: Սա է ճիշտ վայրը»՝ այս խոսքերով«Սթարմուսի» բեմում իր մեդալը ստացավ հոլիվուդյան օսկարակիր ֆիլմերի կոմպոզիտոր Հանս Ցիմերը:
Եվ Սթիվեն Հոքինգի անվան այս մեդալը դարձավ «Օսկարը» գիտության ոլորտում: Այն ստացել են Իլոն Մասկը, Ժան-Միշել Ժարը, Նիլ դե Գրաս Թայսոնը, Հանս Ցիմերը:
Վերադառնալով օրվա հերոսներին: Բանաստեղծ, էսսեիստ, նատուրալիստ Դայըն Աքերմանը խոստովանում է` երկար է մտածել՝ ինչ ասել մրցանակը ստանալիս:
Դայըն Աքերման (բանաստեղծ, էսսեիստ, Սթիվեն Հոքինգի մեդալակիր) - Առաջին բանը, որ եկավ միտքս, շնորհակալ լինելն էր: Ու հիշեցի մանկությունս, ինչ դժվար էր իմ ժամանակներում լինել ուսանող, զբաղվել գիտությամբ, երբ դասախոսդ կարող է ասել՝ գեղեցիկ կինը չպետք է զբաղվի նման բաներով: Գիտությունն ու արվեստը պետք է ընկերանան, և մենք այդ օրերում ենք: Արվեստագետին ոգեշնչում են գիտության բացահայտումները:
Առանց խնդիրների աշխարհ և հոգածություն դեպի Երկիր մոլորակը՝ Մեծ երաժշտի ցանկությունն է այսպիսին: Իսկ Հայաստանի մասին խոսելիս լայն ժպիտով է՝ վերջապես այստեղ է:
Բրայան Մեյ (Queen խմբի կիթառահար, Սթիվեն Հոքինգի մեդալակիր) - Երբևէ չէի եղել Հայաստանում, ինձ համար շատ հուզիչ է: Կուզեի ավելի երկար լինել այստեղ, որ ավելի շատ բան տեսնեի: Երկրաշարժից ի վեր շատ մտահոգ եմ եղել Հայաստանի ճակատագրով, եղել են շատ դեպքեր, որ այլ երաժիշտների հետ գործակցությամբ ցանկացել եմ գալ Հայաստան: Այս անգամ ես վերջապես Հայաստանում եմ, և կարելի է ասել, որ դա իմ երազանքի իրականացումն է:
Սեպտեմբերի 7-ին սպասվող մեծ համերգին Մեյը ելույթ կունենա Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի հետ: Երեխաներին դեռ մեկ ամիս առաջ էր անդրադարձել, գրել էր՝ անդիմադրելի են: Այսօր արդեն ավելացնում է.
«Էլի կգամ Հայաստան, եթե երկար ապրեմ»:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան