Պետական օրհներգի հնչյունների ներքո նախագահականում հանդիսավոր արարողություն է: Վահագն Խաչատուրյանը Հայաստանի Հանրապետության պետական մրցանակով է պարգևատրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար IBM ընկերության էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Համոզված եմ, որ բոլորիս մոտ այս պահին հպարտության զգացում կա, որովհետև ամեն մի երկիր չէ, որ այսպիսի հնարավորություն ունի և պարգև է հանձնում համաշխարհային դեր, նշանակություն ունեցող ընկերության ներկայացուցչի:
Դոկտոր Սթոկի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն է, որոնք ապահովում են IBM-ի ամպային տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության, բջջային, սոցիալական և անվտանգության համակարգերի գործունեությունը բիզնեսում։
Լեոն Սթոկ (IBM-ի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբի փոխնախագահ) - Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը Հայաստանում: Հատկապես մեծ պատիվ է այս մրցանակը ստանալ Ձեզնից, պարոն նախագահ: Գիտեմ, որ Դուք շատ եք կարևորում կրթությունը, գիտությունը: Լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ կրթությունը հիմնաքարային նշանակություն ունի, և ամբողջ կյանքի ընթացքում սովորելն ու գիտելիք ձեռք բերելը շատ կարևոր է:
Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրենի ձևակերպմամբ` արդեն 12-րդ անգամ անցկացվող այս մրցանակաբաշխությունն իր նշանակությամբ բացառիկ է մեր երկրի ճանաչելիության և դերակատարման բարձրացման առումով:
Հովիկ Մուսայելյան («Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն) - Բարձր տեխնոլոգիաների ոլորտում բավական մեծ դերակատարներ կան, սակայն նրանց մեջ կան մարդիկ, որոնց գործունեությունը բերել է հեղափոխական նվաճումների և փոխել է մարդկանց կյանքի որակը: Այս մրցանակաբաշխության տրամաբանությունն այն է, որ մենք մեծարենք նման լեգենդներին, հրավիրենք Հայաստան և հաղորդակից դարձնենք մեր պատանիներին, ուսանողներին և տեխնոլոգիական ու հանրակրթական հանրությանը:
Նախքան մրցանակ ստանալը` Լեոն Սթոկն այցելել էր «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, ծանոթացել ուսումնական դեպարտամենտի գործունությանն ու բուհ-արտադրություն կրթական մոդելին: Սթոկի հետ հանդիպումը Երվանդ Զորյանը պատմական է համարում, նշում՝ թիմը մշակում է համաշխարհային կարգի նախագծման և ստուգման հոսքեր և ծրագրային գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ համակարգիչների տարբեր համակարգերի նախագծման համար:
Երվանդ Զորյան («Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ) - Նա բացառիկ մարդ է, դեռ երիտասարդ տարիքից տեխնոլոգիայի ոլորտում ունենցել է մեծ ազդեցություն: Դոկտոր Ստոկն ունի 13 գյուտի արտոնագիր էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում:
«Սինոփսիս Արմենիա»-ի տնօրենի խոսքով` նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում 50 տոկոս աճ է գրանցել: ՏՏ ընկերությունների թիվը գերազանցում է 3000-ը, ստարտափերի թիվը մոտ 2000 է: