Միայն հանրային գնումների ոլորտում առաջին 6 ամսում 2200 մշադիտարկում: Պետական վերահսկողական ծառայությունը շեշտում է՝ ցանկացած հանրային գնման ընթացակարգ իրենց կողմից մշտադիտարկվում է, ուսումնասիրությունների արդյունքում մի քանի հարյուր առաջարկ է արվել գերատեսչությունների ղեկավարներին:
Ռոմանոս Պետրոսյան (Պետական վերահսկողական ծառայության ղեկավար) - Վարչապետի կողմից շուրջ 5 գերատեսչությունների հանձնարարականներ են իջեցվել, առկա տեղեկությամբ՝ ևս 3 քրեական գործ է հարուցվել գնումների ընթացակարգերի հետ կապված:
Գնումների ընթացակարգերում շատ են օրենսդրական բացերը: Արդարադատության և ֆինանսների նախարարությունների կողմից, օրինակ՝ շրջանառության մեջ է դրվել ՏԻՄ-ի համար ծառայողական մեքենաներ ձեռք բերելու նորմերը կարգավորող օրենքի նախագիծ: Մինչ այժմ նման իրավակարգավորում չի եղել, արդյունքում.
Ռոմանոս Պետրոսյան - Համայնքներում տվյալ գնումները թողնվում են բարեխղճության վրա, և եղան տասնյակ դեպքեր, երբ համայնքի ղեկավարները իրենց քիմքին համապատասխան մեքենաներ էին ընտրում, ավագանին հաստատում էր, և գնում էին: Մի կողմից օրենքի խախտում չկա, մյուս կողմից՝ արդյունավետության խնդիր կա:
Այդ օրենսդրական բացերը լրացնելու խնդիրը վարչապետի հանձնարարականներից է: ՊՎԾ-ի գործառույթներից բարձրագույնը ուսումնասիրություններն են: 6 ամսում 30 այդպիսի ուսումնասիրություն է կատարվել:
Ռոմանոս Պետրոսյան - Ուսումնասիրություններ ենք իրականացրել նախարարություններում, ենթակա ՊՈԱԿ-ներում, Երևանի քաղաքապետարանում, նաև մշտադիտարկում, հողային աճուրդների ոլորտներում:
Առաջին կիսամյակում 2 տասնյակ քրեական գործ է հարուցվել ՊՎԾ-ի ուսումնասիրությունների արդյունքներով, հաղորդումների թվով էլ գերազանցել ենք մի քանի անգամ, վեր ենք հանում ոչ միայն առերևույթ հանցակազմ պարունակող փաստերը, այլև գնահատում ենք արդյունավետությունը:
Շեշտում է՝ վարչապետի հանձնարարությամբ կամ ՊՎԾ-ի առաջարկությամբ և վարչապետի համաձայնությամբ ուսումնասիրություն կատարելու համար այս կառույցի դիմաց բոլոր դռները բաց են:
Նաև ՊՎԾ-ի մասնագետները մուտքի թույլտվություն ունեն բոլոր նախարարությունների թվային համակարգեր:
Ռոմանոս Պետրոսյան - Մեր մասնագետները համադրում են այլ տեղեկատվական շտեմարանների՝ կադաստրի, հարկայինի, ֆինանսների նախարարության, հարկերի, տուրքերի վճարների տվյալները, կատարվում են վերլուծություններ:
Ի դեպ՝ մասնավոր հատվածում ևս ՊՎԾ-ն ունի ուսումնասիրություն անելու գործիքակազմ: Պետրոսյանը մանրամասնում է՝ երբ մասնավորը տեղական ինքնակառավարման մարմիններից կամ պետական կառավարման մարմիններից դրամաշնորհներ, սուբվենցիաներ է ստանում, անհրաժեշտություն է լինում ստուգել պետական միջոցների տնօրինման օրինականությունը: Նաև պետական բյուջե մուտք լինող հարկերի, տուրքերի տվյալների արժանահավատությունը ստուգելը կարող է հիմք դառնա:
Պլանային ընթացակարգով ուսումնասիրություններն ավելի քիչ են՝ հերթը չի հասնում, կա ռեսուրսի խնդիր: Այս պահին 80 գլխավոր մասնագետ կա, ունեն 1 տասնյակի հասնող թափուր տեղ, բայց որակյալ մասնագետ գտնելը դժվար է:
Պետրոսյանը օրինակով է նշում է՝ օրերս պետաիրավական ոլորտի վարչության պետի թափուր տեղի համար 20 դիմորդ է եղել, անհրաժեշտ նիշը չի հաղթահարել ոչ մեկը: Ավելացնում է՝ դա չի խանգարում, որ ուսումնասիրությունները լայնամասշտաբ լինեն:
Ռոմանոս Պետրոսյան - Այս պահին 6 տասնյակից ավելի վերահսկողական գործառույթներ ենք անում, այդ թվում՝ 50 տոկոս ավելի պետական մասնաբաժին ունեցող ՓԲԸ-ներում: 1/3-րդում կատարվում է ուսումնասիրություն, 2/3-րդում՝ մշտադիտարկումների ռեժիմ: Այդ ոլորտները ԱՆ-ին, ԿԳՄՍ-ին:
Ուսումնասիրություններ են իրականացվում ՊՆ-ում մի քանի ուղղություններով, մարզպետարաններում, մասնավորապես, տրամադրվող սուբվենցիաների մասով:
Մեծածավալ ուսումնասիրություններ իրականացվել են նաև գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրերում: Ի դեպ՝ այս դեպքում ֆինանսական խախտումներ չեն հայտնաբերվել, փոխարենը խնդիրներ կան ծրագրերի արդյունավետության առումով: Պետրոսյանը հիշեցնում է՝ ՊՎԾ-ի գործառույթների շրջանակում նաև արդյունավետությունը ստուգելն է:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան