Դատախազությունը վերջին երկու ամսում ամփոփել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 60 ուսումնասիրություն: 35 գործով դատարան են ներկայացվել միջնորդություններ՝ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու համար: 30-ը դատարանը բավարարել է: Ներկայացվել է նաև 16 հայցադիմում: Նախնական հաշվարկով՝ հայցագինը ավելի քան 89 միլիարդ դրամ է:
Սրբուհի Գալյան (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ) - Իհարկե այս թիվը բացարձակ թիվ չէ, կարող է տատանվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ որոշ գույքեր չեն գնահատվել, այսինքն՝ դրանց շուկայական արժեքը հստակ որոշված չէ, և, իհարկե, որոշված չէ իրավաբանական անձանցում մասնակցության գինը: Պարզելուց հետո աճի միտում ունի:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը հիմնականում վերաբերում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Ընդհանուր առմամբ մինչև օրս իրականացվել է 350 ուսումնասիրություն: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատախազություն են հրավիրվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, արդարադատության նախկին նախարար, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամները:
Սրբուհի Գալյան - Նշված անձինք հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, քանի որ այդ անձանց գույքի վերաբերյալ մեր վարույթում առկա էին ուսումնասիրություններ: Գույքի ծավալը մեզ համար պարզ է, քանի որ դատարան են ներկայացվել միջնորդություններ՝ գույքի վրա արգելանք դնելու:
Դատախազությունն ուսումնասիրում է նաև ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքը: Նրանք հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու նյութերին: Այդ գործով ուսումնասիրությունը ամփոփման փուլում է:
Սրբուհի Գալյան - Ամենախոշոր ուսումնասիրություններից է: Ներկա պահին գործի շրջանակում ուսումնասիրվում է 220 անշարժ գույք, խոսքը միայն անշարժ գույքի մասին չէ, առկա են դրամական միջոցներ, շարժական գույք, իրավաբանական անձանցում մասնակցություններ:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կալանք է դրված Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա: Գույքը հօգուտ պետության բռնագանձելու որոշումը կայացվում է դատարանում։ Մեկ այլ տարբերակ է հաշտության համաձայնության կնքումը:
Սրբուհի Գալյան - Բանակցում ենք, կարող է զիջվել հնարավոր գույքի մինչև 25 տոկոսը, կարող է կնքվել, այս համաձայնությունը ևս հաստատվելու է դատարանի կողմից:
Սահմանադրական դատարանում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականությունը վիճարկելու՝ խորհրդարանական ընդդիմության դիմումը:
Սրբուհի Գալյանը դատարանում հայցերի քննության ձգձգման հնարավոր պատճառներից է համարում նաև ծանրաբեռնվածությունը և նշում, որ արդեն ձևավորված հակակոռուպցիոն դատարանը հնարավորություն կտա արագացնել այդ գործերի քննությունը: