Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված է ցանկացած ձևի հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնության արգելումը, սակայն ներպետական օրենսդրությունում առկա չէ պարտադիր կամ հարկադիր աշխատանքի եզրույթի սահմանումը: Առաջարկվում է օրենսգրքում սահմանել «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը և այդպիսին չհամարվող աշխատանքների շրջանակը՝ հաշվի առնելով Սահմանադրության, ԱՄԿ 29 կոնվենցիայի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջները: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ ներկայացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում և կից օրենքներում առաջարկվող լրացումները:
Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 6-ի նիստում, որը նախագահել է Հերիքնազ Տիգրանյանը:
Հարակից զեկույցում Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ սահմանվելու է պարտադիր կամ հարկադիր աշխատանքի բնույթը: Նրա խոսքով՝ նախաձեռնության ընդունումը հնարավորություն կտա, որ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի դրույթներից բխող օգնությունը լինի առավել հասցեական:
Պատգամավորները կարևորել են առաջարկվող լրացումներն աշխատանքային իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Առաջարկվել է մուրացկանության մեջ ներգրավելը սահմանել որպես շահագործման տեսակ:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: