Որ մեր երկիրը մրցունակ լինի ՏՏ ոլորտում ու դառնա ավելի գրավիչ՝ կառավարող մեծամասնությունն առաջարկում է, պահպանելով պետական արտոնությունները, զուգահեռ նվազեցնել հարկային բեռը: ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը մասնակցում էին օրենսդիրի ու գործադիրի ներկայացուցիչները: Նախ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը ներկայացրեց բարեփոխումների մասին իրենց մոտեցումը:
Վաղարշակ Հակոբյան (ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Հարկային արտոնյալ ռեժիմների ձևով պետական աջակցության տրամադրում ոչ միայն նորաստեղծ կամ փոքր կազմակերպություններին, այլև ամբողջ ՏՏ ոլորտին, ընդհանուր հարկման համակարգում գործող ՏՏ ընկերությունների համար եկամտահարկի և շահութահարկի նվազեցման արդյունավետ գործիքների կիրառում՝ խթանելու համար շարունակական ներդրումներն ու նոր աշխատողների ներգրավումը:
Պետական աջակցության ծրագրերի փոխարեն հարցը օրենքի մակարդակ տեղափոխելու մասին ոլորտը կարգավորող մարմնում արդեն մտածում են, նախագծի վրա աշխատում: Փոխնախարար Սահակյանի խոսքով՝ իրավական կարգավորումները կվերաբերեն Բարձր տեխնոլոգիական ոլորտին: Որակյալ աշխատուժ ներգրավելու, մասնագետների արտագաղթը կանխելու հարցում, ըստ պատասխանատուի, սա կարևոր նշանակություն ունի: Ասաց՝ այժմ ուսումնասիրում են արդեն իրականացրած ծրագրերի արդյունքները, որ նոր մշակվող փաթեթը հստակ ու հասցեական լինի:
Դավիթ Սահակյան (ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ) - Նախատեսվում է, որ նոր աջակցման ծրագրեր մշակվեն այս ընկերություններին խթանելու համար, որ գնան մարզեր, իրենց գործունեությունը ծավալեն, ներդրումներ կատարեն: Նաև առաջարկություն հնչեց խթանել էն բարձրակարգ մասնագետներին, որոնք կգնան բուհ դասավանդելու, որ այս մասնագետներին խթանելու աջակցություն լինի:
Ոլորտի համար հարկային բարենպաստ օրենսդրության ձևավորումը, ըստ պատգամավորների, կնպաստի նաև, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մեր երկիր տեղափոխված ՏՏ մասնագետները տեղում երկարաժամկետ հաստատվելու որոշում կայացնեն, նաև նոր ներդրումներ ներգրավվեն: Ներկաները պայմանավորվեցին շարունակել քննարկումները և օրենքի նախագիծը խորհրդարան բերել սեղմ ժամկետներում:
ԲԱԹՈՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ
Երկուշաբթի սկսվող լիագումարին ընդառաջ նիստ էր գումարել նաև Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Օրակարգում՝ երեք հարց: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հատուկ հարմարեցումներ պետք է լինեն ոչ միայն դպրոցներում, այլև նախադպրոցական, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ նշեց ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, առաջարկեց այս նպատակով փոխել օրենքն ու կարգավորել բյուջեից նպատակային ֆինանսավորման հարցը: Պատգամավորի խոսքով՝ պետությունը պետք է պարտավորություն ստանձնի ու հատուկ ծրագիր իրականացնող հաստատություններին ապահովի ուսումնական նյութերով՝ խոսքը մասնավորապես բրալյան դասագրքերի մասին է:
Զարուհի Բաթոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Իհարկե, Կառավարությունն արդեն քայլեր ձեռնարկել է այս ուղղությամբ, բայց մենք պետք է նկատի ունենանք, որ, օրինակ, հատուկ դպրոցներում, տեսողության խնդիր ունեցող անձանց դպրոցներում դասագրքերը տրամադրելու պարտավորություն՝ օրենքով սահմանված, պետությունը չունի, և մինչև օրս այդ դասագրքրերն ու տետրերը տպարգրվել են բարերարների ուժերով, ինչը առնվազն տարօրինակ է, որովհետև անկախ նրանից, թե երեխաները ինչ դպրոցում են սովորում, պետք է ունենան հավասար երաշխիքներ պետության կողմից:
Բաթոյանը մեկ այլ նախագծով էլ առաջարկեց փոխել «Տեսալսողական մեդիայի» մասին օրենքն ու հայերեն ենթագրերով, նաև ժեստերի լեզվի թարգմանությամբ հաղորդումների լրացուցիչ ցանկ սահմանել Հանրային հեռարձակողների համար: Այժմ ժեստերի լեզվով հեռարձակվող լրատվական թողարկումները օրը մեկ անգամ են եթեր դուրս գալիս, իսկ, օրինակ, երեխաների համար մուլտֆիլմերը հիմնականում ենթագրերով են լինում, մինչդեռ մուլտֆիլմ դիտող նախադպրոցական տարիքի լսողական խնդիր ունեցող փոքրիկները հիմնականում կարդալ չգիտեն՝ նկատեց հեղինակը:
Զարուհի Բաթոյան - Ես առաջարկում եմ, որ ժեստերի լեզվով ու հայերեն ենթագրերով հաղորդումների ծավալն ավելանա, և առաջարկում եմ, որ այն հեռարձակողները, որոնք ֆիլմեր են հեռարձակում, նաև հեռարձակեն ֆիլմեր ժեստերի լեզվով:
Առաջարկեց նաև ժեստերի լեզվով ուղեկցել ԱԺ հատուկ նիստերի ու խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումը: Բաթոյանի նախագծերն ստացան գլխադասային հանձնաժողովի հավանությունը: Հանձնաժողովականները միաձայն կողմ քվեարկեցին նաև Տիգրան Հակոբյանին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրելուն:
Թեկնածուն հանձնաժողովի գործող նախագահն է, նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է, և ՔՊ-ի առաջարկով նա նորից կառաջադրվի: