Արդեն երկու տարի է, ինչ Սևանում ձկան պաշարները տարվա մեջ երկու անգամ են ստուգում՝ ամռանն ու աշնանը: Սա հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ տվյալներ ունենալ, նույնիսկ ավելացնել տարեսկզբին սահմանված սիգի որսաքանակը:
Ոսկեհատ Գրիգորյան (ՀՀ ՇՄՆ բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ) - Գիտությունների ազգային ակադեմիան ամառային ընթացքում իրականացրած ուսումնասիրություններով հաշվառման նոր տվյալների ձեռքբերման արդյունքում սահմանել է աշնանային որսաշրջանի համար, այսինքն՝ սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածի համար, ևս 300 տոննա չափաքանակ:
2022-ի արդյունագործական որսի համար նախատեսված էր որսալ 300 տոննա: Լճում այնքան ձուկ կա, որ հնարավոր է որսի սահմանված չափաքանակը նույնքան էլ ավելացնել՝ ասում է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ձկնաբանության բաժնի ղեկավարը: Արդեն երկու տարի է՝ ուսումնասիրությունները կատարում են նորագույն սարքով, որի տվյալներն ավելի ստույգ են՝ նշում է Բարդուխ Գաբրիելյանը: Բացի դրանից՝ ձկան պաշարների ավելացմանը հատկապես նպաստել է ձվադրման շրջանում վերջին տարիներին իրականացրած խիստ հսկողությունը:
Բարդուխ Գաբրիելյան (Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ձկնաբանության բաժնի վարիչ) - Ընդհանուր այս տարվա պաշարը մոտավորապես, դե դեռ ճշգրտվում է. ամառայինը մոտավորապես 5 հազար տոննայի մոտ է, բայց դրա արդյունագործական պաշարը մնացել են այն մակարդակին, ինչ որ եղել է աշնանը՝ 650-ին մոտ:
2022 թվականի համար մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված 300 տոննայից, փաստացի կնքված 567 պայմանագրով, որսացել են մոտ 296 տոննա սիգ: Ստացվում է՝ խիստ հսկողությունը նպաստել է լճում ձկան ավելացմանը, ինչի արդյունքում էլ հնարավոր է լինում ավելի ձուկ որսալ: Ըստ ձկնաբանի՝ ևս մի քանի տարի նման քաղաքականություն իրականացնելու դեպքում ձկան քանակը տարեցտարի ավելանալու է: