Կուրսկում կառուցվող, անվտանգության 3+ մակարդակի, վերջին սերնդի ատոմակայանի շինհրապարակ Հայաստանի պատվիարկությունը՝ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ այցելել է՝ տեղում տեսնելու՝ ինչ էներգաբլոկ կարող են ռուսներն առաջարկել մեզ Մեծամորի համար։ «Ռոսատոմն» այստեղ 1000 և 1250 մեգավատտ հզորությամբ երկու էներգաբլոկի շինարարություն է սկսել։ Ամենայն հավանականությամբ՝ մենք նույնպես խոշոր կայան կընտրենք՝ գործուղման ավարտին հայտարարում է փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Հակոբ Վարդանյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Դեռևս ոչ՝ չունենք վերջնական որոշում՝ լինելու է 1000 մեգավատտանոց թե ոչ, բայց կա արդեն հակվածություն, որ, այո, լինի ստանդարտ՝ սերիական արտադրության 1000 կամ 12000 մեգավատտանոց բլոկ․․․
Ըստ Վարդանյանի՝ մինչև վերջերս քննարկվող փոքր, 50 մեգավատտանոց բլոկներ ունենալու տարբերակը Հայաստանն արդեն չի դիտարկում, քանի որ այն պահանջելու է ամբողջությամբ վերափոխել Մեծամորի շահագործման սխեման։ Մյուս կողմից՝ դրանց փորձարկումները նույնիսկ դեռ ավարտված չեն․ աշխարհում առաջինը ԱՄՆ-ում՝ 2029 թվականին նոր միայն կսերտիֆակացնեն այդ կայանները։ Իսկ Հայաստանը սպասել չի կարող, այնպես, որ՝ խնդիր է դրվել մինչև տարեվերջ կազմել երկրին շատ ավելի ձեռնտու խոշոր նոր էներգաբլոկի տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու ռուսական կողմի հետ պատրաստել միջկառավարական առաջին փաստաթուղթը։
Հակոբ Վարդանյան - Մինչև տարվա վերջ մեր առաջ խնդիր ենք դրել այդ աշխատանքը կատարել՝ հասկանալու համար՝ ինչ բլոկներ են մեզ անհրաժեշտ, ինչ ֆինաղբյուրներ ունենք, որն ենք ընտրելու, ֆինմոդելներն ու սակագնային տարբերակները: Նրանք ասում են, որ հնարավոր է՝ կառուցվի ռուսական միջպետական վարկով, լավ պայմաններով, բայց դա դեռ պաշտոնական ձևակերպում չի ստացել: Համենայն դեպս, մենք դեռ չենք դիմել Ռուսատանի կառավարությանը՝ նոր ատոմակայան կառուցելու համար վարկ ստանալու:
Փոխնախարարն ասում է․ եթե ռուսական կողմը կարողանա էներգաբլոկի համար այնպիսի գնառաջարկ անել, որ արտադրվող հոսանքի սակագինը շատ մրցունակ ստացվի, չի բացառվում Մեծամորում միանգամից երկու բլոկ կառուցվի, թեպետ ծախսերից ելնելով՝ երկիրը երբեք չի մտածել նման շատ մեծ հզորության մասին։ Բայց հիմա հաշվում են․ այժմ մեզ մոտ էլեկտրաէներգիայի մեծածախ գինը մոտ 6,5 սենթ է, Եվրոպայում արդեն 10 անգամ թանկ, այնպես որ, եթե տարբերակ գտնենք տնտեսությունը փոխելու ու այստեղ էներգատար արտադրություններ կազմակերպելու, միանշանակ կշահենք։ Հեռանկարային սցենարներ քննարկում են, բայց, Վարդանյանի փոխանցմամբ, առաջնահերթ պետք է մինչև նոր էներգաբլոկ կառուցելը երկրորդ անգամ երկարաձգվի Մեծամորի գործող կայանի շահագործման ժամկետը։
Հակոբ Վարդանյան - Գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման մասով արդեն վերջնական փուլում ենք կոնցեպցիայի, որ ինչ միջոցառումներ պետք է կատարվեն՝ 2026 թվականից հետո ժամեկտն առնվազն 10 տարով երկարացնելու համար։
Ռեակտորի թրծումից հետո փորձաքննությունը եզրակացություն է տվել, որ ատոմակայանի չփոխարինվող դետալները կարող են շահագործվել մինչև 2039 թվականը։ ԱԷԿ-ի անվտանգության համար ինչ սարքավորումներ պետք կլինի նորացնել, և ինչ ներդրումներ դա կպահանջի՝ պարզ կդառնա առաջիկայում։