Խանութպան Բուդենիկ Գաբրիելյանն ուրախ է. վերջապես Հրազդանի Վանատուր թաղամասը ցեխից ու փոշուց ազատվեց: Լավ է հիշում՝ վերջին անգամ երբ է այստեղ ճանապարհաշինական տեխնիկայի աղմուկ լսվել:
Բուդենիկ Գաբրիելյան (Վանատուրի բնակիչ) - 87 թվին ա վերջին ասֆալտը արվել:
Հրազդանում վերջին տարիներին թե՛ սուբվենցիայով, թե՛ պետբյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքները շատ են, փորձում են տասնամյակներով չարածը լրացնել:
Սևակ Միքայելյան (Հրազդան համայնքի ղեկավար) - Այնպիսի ճանապարհներ են ասֆալտապատվում, որ 3 տասնամյակ չէին ասֆալտապատվել: Ճանապարհները գտնվում էին անմխիթար, կարելի է ասել՝ քարուքանդ վիճակում, բայց այս պահին մեծ թափով ընթանում են աշխատանքները: Ընդհանուր գումարը սուբվենցիոն ծրագրի 1 մլրդ 350 մլն դրամ է, նաև հրատապ ծրագրով են ասֆալտապատում անում:
«Հրազդան ՃԱՆՇԻՆ»-ի գլխավոր ինժեները թվարկում է վերջին տարիներին կատարված աշխատանքները, ասում է՝ նորոգելու այնքան ճանապարհ կա, տեմպին դժվարությամբ են դիմանում:
Մոտ 20 կմ հիմնանորոգել են նախորդ տարիներին, այս տարի կկառուցեն շուրջ 6 կմ: Սուբվենցիոն ծրագրով Հրազդանում մոտ 8 կմ ճանապարհ է բարեկարգվում, բայց այս տարի քաղաքում քիչ չէ նաև պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվող փողոցների թիվը:
Հրանտ Մինասյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ավագ ինժեներ) - Ընդհանուր առմամբ հիմնանորոգելու ենք մոտ 9 փողոց՝ ընդհանուր 4.3 կմ երկարությամբ, նաև իրականացնելու ենք ջրահեռացման, մայթերի իրականացման աշխատանքներ: Ընդհանուր ծրագրային արժեքով ունենք մոտ 599 մլն դրամ ներդրում Կառավարությունից:
Վանատուր թաղամասում 3348 գծամետրը հիմնանորոգվում է պետբյուջեի միջոցներով: Աշխատանքների կառավարումն ու համակարգումը Ճանապարհային դեպարտամենտն է իրականացնում:
Հրանտ Մինասյան - «Ճանապարհային դեպարտամենտը» հիմնականում իրականացնում է այդ ճանապարհների և երբեմն նաև տեղական ճանապարհների նորոգում, բայց, հաշվի առնելով Հրազդանի համար նշված փողոցների կարևորությունը, որոշում կայացվեց, որ ամբողջ աշխատանքը կիրականացվի Կառավարության միջոցներով:
Գործի մոտ 60 տոկոսն արդեն արված է, հողային աշխատանքները վերջացրել, խճավազային խառնուրդը տեղադրել, հասել են ասֆալտին: Արտաքին լուսավորության հարցն էլ համայնքի ղեկավարն է խոստանում լուծել:
Սևակ Միքայելյան - Հրազդանի մուտքերը լուսավորված չեն, նոր սյուներ կտեղադրվեն, ընդհանուր արտաքին լուսավորության հարցն է լուծվելու:
Շուրջ 14 կմ երկարությամբ լուսավորության նոր ցանց է կառուցվելու: