Մոլորեցրել են սպառողներին՝ ծորակից լցված ջուրը ներկայացնելով որպես բնական աղբյուրի ջուր: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի շրջանառության ոլորտում:
Տիգրան Մարկոսյան (ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ) - Ապրանքի վրա մակնշել մի բան, որը չի համապատասխպանում իրականությանը, դա մրցակցության պաշտպանության տեսանկյունից հանդիսանում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն:
Եվրասիական տնտեսական միության «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ «աղբյուրի ջուր» մակնշումով ջուրը պետք է ունենա աղբյուրի ծագում և, ինչպես բնական խմելու ջրի դեպքում, արտադրության որևէ փուլում չպետք է մշակված լինի քլորով։
Տիգրան Մարկոսյան - Թեկուզև «Վեոլիա Ջուր» ընկերությունը նրանց տրամադրել է համապատասխան տեղեկատվություն, որ ջրառը արվում է համապատասխան աղբյուրից, այնուամենայնիվ, քլորի կիրառման փաստը հաշվի առնելով՝ դրանք չէին կարող կոչվել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր»:
Վարույթ է հարուցվել 12 ընկերության նկատմամբ, որից 9-ն են խախտել օրենսդրության պահանջները: 6-ը նախազգուշացվել են, 3-ը՝ տուգանվել, իսկ վարույթներից 3-ը կարճվել է։
Տիգրան Մարկոսյան - Մասնավորապես, մեկի նկատմամբ 4 մլն-ի, 2-ի նկատմամբ 300 հազարական դրամ տուգանքէ նշանակվել:
Գիտությունների ազգային ակադեմիայի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարի խոսքով՝ միջազգային պրակտիկայում վարչական և քրեական պատասխանատվություն է նախատեսված պարենային ապրանքի կեղծման համար, եթե այն որևէ բացասական ազդեցություն է թողել սպառողի առողջության վրա:
Դավիթ Պիպոյան (ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար) - Մեծ ձեռնարկություն անցել է արտադրական մի շարք փուլերով, այդ թվում՝ համապատասխանության գնահատման ընթացակարգերով, և նշանակում է, որ որևէ փուլում չի եղել վերահսկողություն:
Թեև խախտում թույլ տված ընկերությունները նշում են, որ օգտվել են «Վեոլիա Ջուր» ընկերության մատակարարած ջրից, բայց այստեղ ևս չի կարող լինել 100 տոկոս վստահություն, որը այդ ջուրը բավարար որակի է եղել, ասում է Դավիթ Պիպոյանը:
Դավիթ Պիպոյան - Եղել են տարիներ, երբ ուսումնասիրել ենք երևանի տարբեր վարչական համայնքներում ծորակի ջրի որակը, և բացահայտվել են մի շարք խնդիրներ:
Ըստ Պիպոյանի՝ դեպքի բացահայտումը բացառիկ է և ունի ինչպես տնտեսական, այնպես էլ հանրային առողջապահական խնդիր:
Դավիթ Պիպոյան - Պատկերացրեք այն դեպքը, երբ մարդը գնացել և ձեռք է բերել կոնկրետ բժշկի ցուցումով կամ մանկահասակ երեխայի համար հատուկ ձեռք է բերել աղբյուրի ջուր, որը չպետք է լիներ քլորացված:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նպատակն է նաև տնտեսվարողներին ուղղորդել՝ գործելու օրինապահ դաշտում՝ ընդգծում է Տիգրան Մարկոսյանը:
Ընկերությունները պարտավորվել են սեղմ ժամկետներում շտկել թերությունը և համապատասխանացնել իրենց գործունեությունը, տվյալ դեպքում մակնշումը, օրենսդրության պահանջներին:
Տիգրան Մարկոսյան (Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ) - Պետք է գործընթացներն ավարտած լինեին, մեկ-երկու սուբյեկտ կարող է ավելի երկար ժամանակահատված ունենա:
Տուգանված 3 ընկերությունից մեկից «Լուրեր»-ին փոխանցեցին, որ տուգանքը վճարել են, սակայն որոշումը կբողոքարկեն դատարանում: Մյուս 2 ընկերությունից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան