2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արմավիր համայնքի Լենուղի և Այգեվան գյուղերում կառուցվում է խմելու ջրի նոր համակարգ, այդ մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է Արմավիր համայնքի ղեկավարը:
Դավիթ Խուդաթյանը շինարարական, նախագծային և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների, համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ այցելել է Լենուղի և Այգեվան՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին:
«Լենուղիում կառուցվում է ընդհանուր 4.8 կմ երկարությամբ ջրագիծ` նախատեսված 300 տնային տնտեսության համար: Շինարարական աշխատանքի արժեքը 60 միլիոն դրամ է:
Այգեվանում կառուցվում է 8.2 կմ երկարությամբ ջրագիծ` նախատեսված 330 տնային տնտեսության համար: Շինարարական աշխատանքների արժեքը 89 միլիոն դրամ է:
Նոր ջրամատակարարման համակարգի կառուցման արդյունքում կբարելավի խմելու ջրի որակը, կկարգավորվի ջրամատակարարումը գյուղերի ողջ տարածքում, համայնքը կունենա էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն:
Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքի 50 %-ը վճարվելու է համայնքային, իսկ մյուս կեսը՝ պետական բյուջեի միջոցներից:
Աշխատանքների ավարտը նախատեսված է 2022 թվականի տարեվերջին»,- գրել է Դավիթ Խուդաթյանը: