«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նրանք հրապարակել են այն մարդու լուսանկարը, որն, իրենց պնդմամբ, իրականացրել է ահաբեկչությունը:
ԱՄՆ-ը դատապարտել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության երկու անդամ, և ցավակցել զոհվածների հարազատներին՝ Twitter-ի իր հաղորդագրության մեջ գրում է Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Ուեսթը։
Տեղի ունեցածը դատապարտել է և զոհերի հարազատներին ցավակցություն է հայտնել նաև Աֆղանստանի ԱԳՆ-ն։ Երկրի իշխանությունները խոստացել են միջոցներ ձեռնարկել ապագայում նման ահաբեկչություններից խուսափելու համար՝ ասել է Քաբուլում ՌԴ դեսպան Դմիտրի Ժիրնովը, գրում է ՌԻԱ Նովոստին։