Մեծ Բրիտանիայի կառավարության մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ մշակույթի, լրատվամիջոցների և սպորտի նախարար Նադին Դորիսը, Ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերով փոխնախարար Սթիվեն ՄաքՊարտլենդը և Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի քարտուղարության պաշտոնյա Նայջել Ադամսը հրաժարական են տվել՝ վարչապետի պաշտոնում Լիզ Թրասի ընտրվելուց հետո՝ հայտնում է Sky News-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Դորիսին հորդորել են մնալ պաշտոնում, սակայն նա որոշել է հեռանալ:
Sky News-ը ավելի վաղ նշել էր, որ կադրային փոփոխությունների պատճառով բրիտանական ներկա կառավարության անդամները կարող են հրաժարական տալ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Թրասը դարձավ Պահպանողական կուսակցության նոր առաջնորդն ու բրիտանական կառավարության ղեկավարը։ Նա ստացավ կուսակցության անդամների ձայների 57,4 տոկոսը՝ առաջ անցնելով վարչապետի պաշտոնի մյուս հավակնորդ՝ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակից: