ԼՂ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՍԻՐԻԱՑԻ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԸ՝ «ԹՆԴԱՆՈԹԻ ՄԻՍ»
Ամերիկյան հեղինակավոր The National Interest-ը «Թուրքիայի «Սիրիացի վարձկաններ» արյունոտ բիզնեսը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է 44-օրյա պատերազմում Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների ներգրավմանը: Հրապարակման համաձայն՝ Ադրբեջանում Թուրքիայի միջնորդությամբ ներգրավված վարձկանների ծրագրում եղել են նաև կոռուպցիոն երևույթներ։
Հասան անունով վարձկաններից մեկը հիսունհինգ օր կռվել է Լեռնային Ղարաբաղում։ Նրան խոստացել են ամսական 2500 դոլար վճարել, սակայն նրան և մյուսներին խաբել են՝ վճարելով ընդամենը 1500 դոլար:
Հեղինակների պնդմամբ՝ շահի հետևից ընկած՝ վարձկանները նույնիսկ չեն հարցրել՝ ինչի համար են պայքարելու:Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ ուղարկված սիրիացիները պարզապես ծառայել են որպես «թնդանոթի միս»:
ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԱՏԱՐԵԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԲԱՅՐԱՄՈՎ
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Դոնֆրիդի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում զարգացումների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շուրջ։
Դոնֆրիդը և Բայրամովը քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2022 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները:
Բայրամովը հավատացրել է, որ Բաքուն պատրաստ է կատարել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կողմից խաղաղության պայմանագրի նախագծի նախապատրաստման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել բրյուսելյան հանդիպման շրջանակում։
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ ԵՎ ԿՈԼՈՆԱՅԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
Տարածաշրջանում իրավիճակին անդրադարձ է եղել նաև Թուրքիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Քեթրին Կոլոնայի հանդիպման ժամանակ: Դիվանագետները, մասնավորապես, խոսել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերություններից:
Չավուշօղլուի խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար լավ հնարավորություն է ստեղծվել։
«Անհրաժեշտ է, որ բոլորն աջակցեն այս գործընթացներին։ Երկխոսություն է հաստատվել թե՛ Թուրքիայի և Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և Հայաստանի միջև, կողմերը շարունակաբար աշխատում են իրար հետ: Մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են տարվում», - ընդգծել է թուրք դիվանագետը։
Ֆրանսիայի ԱԳ նախարարն, իր հերթին, նշել է, որ Փարիզը դրական է գնահատում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերը:
«Տարածաշրջանում դրական մթնոլորտ է ձևավորվում։ Թուրքիայի և Հայաստանի երկխոսությունը կարգավորվում և ընդլայնվում է», - գոհունակություն է հայտնել Կոլոնան։
ԻԻՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՄԱՆ ՆԱՎԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Որպես նավթի և նավթամթերքի խոշոր արտադրող՝ Թեհրանը պատրաստ է լուրջ դերակատարում ունենալ նավթի միջազգային շուկայում և ապահովել համաշխարհային էներգետիկ անվտանգությունը՝ առանց քաղաքականացնելու այդ հարցը՝ հայտարարել է Իրանի նավթի նախարարը։
Ջավադ Օուջին ընդգծել է Իրանի՝ որպես նավթի մատակարարի կարևորությունը հատկապես Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի և բնական գազի գնի բարձրացման ֆոնին։ Նրա խոսքով՝ ձմեռը մոտ է, և Եվրոպան շուտով նավթի ու գազի կարիք կունենա:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Թեհրանը կկարողանա բավարարել Եվրոպայի էներգետիկ կարիքների մեծ մասը, եթե միջուկային գործարքի վերականգնման շուրջ համաձայնություն ձեռք բերվի։