Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Զապորոժիեի ատոմակայան առաքելության արդյունքներով զեկույց է հրապարակել։ Կառույցը խորհուրդ է տալիս անհապաղ դադարեցնել ԱԷԿ-ի և հարակից տարածքների գնդակոծությունը։
Գործակալությունը կոչ է անում կայանի շուրջ «անվտանգության գոտի» ստեղծել, ինչը թույլ կտա կանխել «միջուկային աղետը»։
Զեկույցում նաև ընդգծվում է, որ կառույցի պատվիրակությունն արձանագրել է ԶԱԷԿ-ում միջուկային անվտանգության սկզբունքների խախտման դեպքեր։ Նշվում է, որ գործակալությունը մշտական ներկայություն կապահովի ԱԷԿ-ում:
ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԵՆԳԵՆՅԱՆ ՎԻԶԱՅԻ ԱՐԺԵՔԸ ԿՀԱՍՆԻ 80 ԵՎՐՈՅԻ
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի ամբողջական դադարեցման առաջարկին, հայտարարել է ներքին գործերի եվրահանձնակատարը։ Իլվա Յոհանսոնի խոսքով՝ ակնկալվում է, որ Եվրամիության խորհուրդը կհաստատի այս որոշումը մեկ շաբաթվա ընթացքում:
«ԵՄ երկրները նույնիսկ անցակետերում կարող են արգելել ռուսաստանցիների մուտքը իրենց տարածքներ, եթե կարծեն, որ դա սպառնում է ԵՄ-ի անվտանգությանը», - նշել է հանձնակատարը:
Այսպիսով՝ ռուսաստանցիների համար Շենգենյան վիզայի արժեքը 35-ից կհասնի 80 եվրոյի, վիզայի տրամադրումն էլ կարող է տևել մինչև 6 ամիս։
Յոհանսոնը տեղեկացրել է նաև, որ Եվրահանձնաժողովը մտադիր է առավել հարմար պայմաններ ստեղծել Եվրոպա մեկնող ռուսաստանցի ուսանողների, լրագրողների, քաղաքական դրդապատճառներով Ռուսաստանից հեռացողների համար:
Վլադիմիր Պուտինն իր հերթին տեղեկացրել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությանը կհանձնարարի վերանայել օտարերկրյա զբոսաշրջիկների համար մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը և չկառչել փոխադարձության սկզբունքից: Նա կոչ է արել ավելի ճկուն լինել, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի շահերին:
ՉԺՀ-Ն ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ԿՎՃԱՐԻ ՌՈՒԲԼՈՎ ԵՎ ՅՈՒԱՆՈՎ
Չինաստանը ռուսական գազի դիմաց կվճարի ռուբլով և յուանով, հայտնել են «Գազպրոմ»-ից: Նշվում է, որ այս նոր մեխանիզմը կխթանի այդ երկրների տնտեսությունների զարգացումը։
Այլ է պատկերը Ռուսաստան-Եվրամիություն հարաբերություններում: Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Բեռլինը չէր կարող մեկ գիշերվա ընթացքում հրաժարվել ռուսական գազից։
«Ռուսական գազից աստիճանաբար հրաժարվելը ճիշտ որոշում էր: Այժմ գազի մեր պահեստները լցվել են ավելի քան 80%-ով»,- նշել է Աննալենա Բերբոքը:
Մինչ այդ Թուրքիայի նախագահի խորհրդական Յիգիթ Բուլութը խորհուրդ է տվել ԵՄ երկրների բնակիչներին գումար չծախսել գազի համար Եվրոպայում, փոխարենը ձմռանը մեկնել Թուրքիա՝ հանգստանալու։
ԼԻԶ ԹՐԱՍԸ՝ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Պահպանողական կուսակցության առաջնորդ Լիզ Թրասը՝ պաշտոնապես Միացյալ Թագավորության վարչապետ. այս մասին վկայում են Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում 47-ամյա քաղաքական գործչի և Եղիսաբեթ թագուհու հանդիպման լուսանկարները։ Ավանդույթի համաձայն՝ 96-ամյա թագուհին նորընտիր վարչապետին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել։
Ավելի վաղ Եղիսաբեթ թագուհին հանդիպել է նաև Բորիս Ջոնսոնին և ընդունել նրա հրաժարականը:
Սովորաբար թագուհին ընդունում էր հեռացող և նոր վարչապետներին Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում։ Սակայն թագուհու առողջական խնդիրների պատճառով այդ ավանդույթն առաջին անգամ խախտել է։