Աստղաքիմիայի առաջին մասնագետներից մեկը՝ մոլեկուլյար աստղաֆիզիկայում ամենահաճախ մեջբերվող գիտնական Էվին վան Դիշոքը, Հայաստանում է: Աշխարհահռչակ մասնագետը Երևան է ժամանել «Սթարմուսի» շրջանակում: Երկօրյա այցի ընթացքում Դիշոքն այցելել է Բյուրականի աստղադիտարան, հանդիպումներ ունեցել գիտական համայնքի հետ: Ասում է՝ աստղագիտության ոլորտում Հայաստանի մեծ պատմությանն ու ավանդույթներին ծանոթ է, բայց ոգևորված է դրանք տեսնել հենց բնօրրանում:
Էվին վան Դիշոք (Միջազգային աստղագիտական միության նախկին նախագահ) - Ես ահռելի ներուժ տեսա Հայաստանում, հատկապես աստղագիտության ասպարեզում: Բյուրականի աստղադիտարանը երկար տարիներ ահռելի դեր է խաղացել համաշխարհային աստղագիտության մեջ: Ես նաև այլ բան տեսա: «Սթարմուսի» ընթացքում տեսա բազմաթիվ խանդավառ երիտասարդների, և կարծում եմ՝ հենց նրանք են Հայաստանի իրական ապագան:
Գիտության փառատոնի շրջանակում Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում Էվին վան Դիշոքը դասախոսություն կարդաց տիեզերքում աստղերի, մոլորակների և կյանքի բաղադրիչների ստեղծման թեմայով: Լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը աշխարհահռչակ գիտնականների Հայաստան այցը ոչ միայն նրանց գործունեությանը ծանոթանալու լավ հնարավորություն, այլև սեփական պատմությունն ու ներուժն աշխարհին ներկայացնելու առիթ է դիտարկում:
Անի Ապրահամյան (Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն) - Եկողները միշտ տեսնում են՝ որքան երիտասարդություն կա, որքան ուժ, եռանդ կա մեր երիտասարդների մեջ: Երեկ «Սթարմուսի» բացմանը ես կարող էի միայն բավարարվել՝ տեսնելով մեր երիտասարդների ակտիվ մասնակցությունը:
Ի վերջո, տիեզերքում մենք միակ քաղաքակրթությունն ենք, թե ոչ՝ դասախոսության առանցքում այս հարցի շուրջ քննարկումն էր: Միջազգային աստղագիտական միության նախկին նախագահի համոզմամբ՝ մարդկության պատմության առաջին սերունդն ենք, որն ունի բավարար տեխնոլոգիաներ հաճախ տրվող հարցի պատասխանը ստանալու համար, սակայն դեռ պարզ չէ, թե երբ կհաջողվի դա:
Էվին վան Դիշոք - Իմ որոշ գործընկերներ ասում են՝ հավանաբար, առաջիկա տասնամյակների ընթացքում: Ես կասեմ, որ, գուցե, մենք կարիք ունենք աստղադիտակների նոր սերնդի, այսպիսով՝ իմ կանխատեսումը տատանվում է 20-50 տարվա միջակայքում:
Աշխարհահռչակ գիտնականը ցավով է նշում՝ Հայաստանում անցկացրած ժամանակը կարճ էր: Էվին վան Դիշոքը մեր երկրից հեռանում է դրական տպավորություններով:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան