Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Ճապոնիայի հետ համաձայնագրերը Կունաշիր, Իտուրուպ և Փոքր Կուրիլյան կղզիներ ու լեռնաշղթաներ պարզեցված այցի վերաբերյալ։
Խոսքը 1991 թվականի փոխադարձ ուղևորությունների ընթացակարգի և 1999 թվականի՝ այդ վայրեր առավել դյուրացված այցելությունների կազմակերպման վերաբերյալ համաձայնագրերի դադարեցման մասին է։ Վերջին տվյալներով՝ կղզիների նախկին բնակիչները՝ ընտանիքի անդամների հետ, իրավունք ունեին պարզեցված մուտք գործել այդ տարածքները։
ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է որոշման մասին տեղեկացնել Ճապոնիային։
Տոկիոն արձագանքել է որոշմանը: Ճապոնիայի կառավարությունը բողոք է հղել Ռուսաստան՝ Կուրիլյան կղզիներ ճապոնացիների կողմից պարզեցված այցերի մասին համաձայնագրի խզման պատճառով՝ հայտնում է РИА Новости-ն։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին Ռուսաստանի որոշումն անվանել է «բացարձակապես անհիմն ու անընդունելի»։ Նա հավելել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, իսկ Մոսկվան, երկկողմ համագործակցության վերաբերյալ որոշումներ կայացնելով, «փորձում է պատասխանատվությունը գցել Ճապոնիայի վրա»։