Հունաստանի և հույն ժողովրդի նկատմամբ Թուրքիայի քաղաքական ղեկավարության թշնամական հայտարարությունները լուրջ մտահոգություն են առաջացնում և հակասում են Միջերկրական ծովի արևելյան հատվածում ապաէսկալացիայի ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ ասված է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։
«Եվրամիությունը բազմիցս ընդգծել է, որ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Սպառնալիքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը պետք է դադարեցվեն»,- նշել է Ստանոն։
Նրա խոսքով՝ Եվրամիությունն ակնկալում է, որ Թուրքիան կհարգի ԵՄ անդամ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կաշխատի լարվածության թուլացման ուղղությամբ՝ հանուն տարածաշրջանային կայունության։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Հունաստանը լուրջ խնդիրներ կունենա, եթե շարունակի սադրել թուրքական զինված ուժերին։ Ռեջեփ Էրդողանը քննադատել է Հունաստանի ռազմաօդային ուժերին թուրքական ռազմական ինքնաթիռներին հետապնդելու համար, ինչը հունական կողմը հերքում է։