Կարինե Գրիգորյանը՝ Ռուսաստանից, Մերուժան Անտոնյանը՝ Ֆրանսիայից, միացան Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատանքային թիմին: «իԳործ-2022» ծրագրի մասնակիցների գերակշիռ մասն արդեն Հայաստանում է, աստիճանաբար անցնում են իրենց պարտականությունների կատարմանը:
Գևորգ Ալեքսանյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ) - Կստեղծենք պայմաններ, որ արագ ներգրավվեք աշխատանքի մեջ: Այս պահից կծանոթացնենք գործառույթներին: Բարի գալուստ:
Այս տարի 14 երկրի 50 փորձագետ կաշխատի տարբեր գերատեսչություններում: Կարինեն ժամանել է Ստավրոպոլից, կաշխատի միջազգային համագործակցության վարչությունում: Սփյուռքից հրավիրված փորձագետը հույս ունի ներդրում ունենալ Հայաստանի պետական համակարգի զարգացմանը, վստահ է՝ օգտակար կլինի ռուսերենի իր իմացությամբ:
Կարինե Գրիգորյան («իԳործ-2022» ծրագրի մասնակից) - Ծնվել, մեծացել եմ Ռուսաստանում, տարվա ընթացքում եկել, ապրել ենք, բայց հիմա որոշել եմ հիմնական տեղափոխվել Հայաստան: Մթնոլորտը շատ լավն է, մարդիկ ընկերասեր, բարյացակամ են, կընդգրկվեմ, կօգնեմ ինչով կարող եմ:
«իԳործ» ծրագիրն իրականացվում է 2020-ից ի վեր՝ յուրաքանչյուր տարի պետական ապարատում աշխատանքի հրավիրելով 50 մասնակցի:
Հերմինե Հարությունյան (ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ) - Նախորդ տարիների շրջանավարտների կեսից ավելին՝ մոտ 70 տոկոսը, որոշում են կայացրել ծրագրի ավարտին մնալ հայրենիքում՝ շարունակելով մասնագիտական ուղին և անձնական կյանքը Հայաստանում, այսինքն՝ հայրենադարձվել են:
Օկսանան եկել է Կիևից և որոշել է ապրել Հայաստանում: Հեռախոսի զանգերը բաց չի թողնում՝ պատասխանելով Ուկրաինայից տեղափոխված քաղաքացիներին հուզող հարցերին:
Օքսանա Հարությունյան («իԳործ-2022» ծրագրի մասնակից) - Աշակերտների ծնողներն էին զանգահարել, դիմում էին օնլայն ուսուցման դասագրքեր, տետրեր ձեռք բերելու համար: Ուկրաինայում երկար ժամանակ աշխատել եմ պետական հատվածում, կարծում եմ՝ փորձը այստեղ կիրառելու, օգտակար լինելու լավ հնարավորություն է:
Հովհաննես Ալեքսանյան (ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ) - Նախկինում ևս այն ռեգիոններում, որտեղ կան միգրացիայի, հայրենադարձության տենդենցներ, ունեցել ենք մասնակիցներ, որ այդ ուղղությամբ աշխատանքը լինի արդյունավետ: Ունենք Լիբանանից, նաև Ուկրաինայից, կհամակարգեն այդ աշխատանքը:
Ռուս-ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ Ուկրաինայից Հայաստան ժամանողների հոսքը շարունակվում է: Ծրագրերից մեկով հանձնակատարի գրասենյակ դիմած մոտ 335 ընտանիք, ըստ Հովհաննես Ալեքսանյանի, ստացել է աջակցություն: Ինչ վերաբերում է «իԳործին», չափորոշիչները չեն փոխվել, ծրագրին կարող են դիմել սփյուռքում առնվազն 5 տարի ապրած, աշխատած, բարձրագույն կրթություն և աշխատանքային փորձ ունեցող անձինք: Ծրագրի համակարգողը «իԳործը» հաջողված է համարում. կարևորը՝ հայրենադարձության ակնկալվող ցուցանիշը գերազանցել են: