Սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոն աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեի հետ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Տոլմաջյանը կարևորել է պարոն Վոքիեի անմիջական ջանքերը՝ ուղղված Հայաստանի և ռեգիոնի միջև բազմոլորտ և արդունավետ համագործակցության հաստատմանը և հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների խորացմանը։
Ողջույնի իր խոսքում, վերհիշելով 2019 թվականին Հայաստան կատարած իր այցելության ջերմ տպավորությունները, Լորան Վոքիեն շեշտել է, որ Հայաստանի և ռեգիոնի միջև համագործակցությունը փոխշահավետ է, և այդ համատեքստում, որպես օրինակ, ընդգծել Լիոն քաղաքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման փաստը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ռեգիոնի միջև ձևավորված տնտեսական և ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել առկա ներուժն ամբողջությամբ իրացնելու և համագործակցությունը խորացնելու հեռանկարների վերաբերյալ։