ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը քննարկում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծերի փաթեթը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ սա ուղղակի առնչություն ունի երկրի անվտանգության և քաղաքացիների պաշտպանվածության հետ:
«Մեր հանձնաժողովի նիստում քննարկում ենք մի նախաձեռնություն, որն առաջին հայացքից գուցե շատերը չընկալեն, թե սա ինչ նոր ընթացք է ապահովելու մեր երկրի անվտանգության ոլորտի համար: Ես համոզված եմ, որ հիմա կսկսվեն մեր բացակայող ընդդիմադիր գործիչների կողմից ահաբեկչության դրսևորումներ, որ այս օրենքն անում են, որ մեր ազնիվ ցեղը վերանա: Այդպիսի բան չկա: Այս օրենքն անում ենք, որպեսզի մեր ժողովուրդը նաև ի վիճակի լինի պաշտպանության հարցեր լուծելու: Այդպիսի փորձ ունեն աշխարհի շատ երկրներ, անկախ նրանից, որ այդ զենքերը մեկ-մեկ կրակում են, բայց, որպես կանոն, կրակում են ապօրինի զենքերով:
Հիմա խոսքը գնում է զենքերի օրինականացման դաշտը ավելի վերահսկելի դարձնելու մասին: Մեր պետական ինստիտուտների համար բացում ենք շատ բարդ իրողություններ: Ստանդարտները պետք է ատամներով ձևավորենք, որովհետև եթե ստանդարտները բացակայում են, դրանք վերածվում են սուրմալուների: Մեր կողմից սահմանված ստանդարտներին պիտի տիրություն անենք»,- ասաց նա: