Ռուսաստանի Դաշնության հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի սառեցումն առաջին հերթին կուղղվի հենց Եվրամիության դեմ։ Известия-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը։
Նա ասել է, որ այդ քայլին անխուսափելիորեն կհետևեն Ռուսաստանի պատասխան գործողությունները։ Մոսկվան իր դիրքորոշումը կձևակերպի այն ժամանակ, երբ Եվրամիությունը պաշտոնապես կտեղեկացնի համաձայնագրի սառեցման մասին։
Օգոստոսի 31-ին ԵՄ ԱԳ նախարարները Պրահայում կայացած հանդիպման ժամանակ քաղաքական որոշում են կայացրել կասեցնել Ռուսաստանի հետ վիզաների դյուրացման համաձայնագիրը, որը գործում էր 2007 թվականից։ Այս քայլը կբարդացնի Ռուսաստանի քաղաքացիների համար շենգենյան վիզա ստանալու կարգը, վճարը 35 եվրոյից կբարձրանա մինչև 80 եվրո, դիմումների մշակման ժամանակը կավելանա, դիմելիս կպահանջվեն լրացուցիչ փաստաթղթեր: