Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերթական անգամ հայտարարել է, որ նախագահի պաշտոնում էլ կարող է ավարտել իր քաղաքական կարիերան։ «Պարզվում է, որ բոլոր սուբյեկտների ղեկավարներից ես ամենաերկարակյացն եմ, 15 տարի ղեկավարում եմ հանրապետությունը»,- հայտարարել է նա սեպտեմբերի 3-ին Telegram ալիքում ներկայացված իր տեսաուղերձում։
Կադիրովը, որը ղեկավարում է հանրապետությունը 2007 թվականից, ասել է, որ «պետք է հեռանա, քանի դեռ իրեն չեն հանել»:
2016-ի փետրվարին, երբ ավարտվեց տարածաշրջանի ղեկավարի իր լիազորությունների հաջորդ ժամկետը, Կադիրովը NTV հեռուստաալիքի հետ հարցազրույցում արդեն ասել էր, որ «պետք է ուրիշ մարդ գտնել նախագահի պաշտոնում: Իմ հեռանալու ժամանակն արդեն եկել է»։ Սակայն այս հայտարարությունից հետո՝ 2016 թվականի աշնանը, նա նորից ընտրվեց Չեչնիայի ղեկավար։
Քաղաքագետ և իսլամագետ Ալեքսեյ Մալաշենկոն կարծում է, որ Կադիրովի այս հայտարարությունները «խաղ» են։ «Նա քաջ գիտակցում է, որ ոչ մի տեղ չի գնալու, և Վլադիմիր Պուտինին ինքը պետք է հենց այն տեղում, որն այժմ զբաղեցնում է։ Նա իր տեղում է և՛ նախագահի պաշտոնում և՛ ուկրաինական ներկա իրավիճակում»,- ասել է փորձագետը և հավելել, որ հեռանալու մասին Կադիրովի հայտարարությունն «ավելորդ աղմուկ է», քանի որ նա ցանկանում է անընդհատ տեսադաշտում լինել։