Արցախի Պատարա գետի վրա շարունակվում է համանուն ջրամբարի շինարարությունը: Առաջին փուլում կառուցվել են ջրընդունիչ կայանն ու մինչև Ստեփանակերտ խողովակաշարը, որ նախորդ տարվա պես Արցախի մայրաքաղաքում երաշտի պատճառով ջրի խնդիր չլինի: Այժմ Պատարայից կանոնավոր ջուր է մատակարարվում քաղաքի թիվ 2 զտիչ կայան:
Գեորգի Հայրիյան (Արցախի ջրային կոմիտեի նախագահ) - Մոտ 22 կմ խողովակաշար է անցկացվել և 2022 թվականի՝ մայրաքաղաքի ջրամատակարարման պակասորդը լրացվել է Պատարայի հոսքով: Իհարկե կարելի է համարել, որ այս տարվա խնդիրը լուծված է, քանի որ սպասում ենք եղանակային փոփոխություն՝ այս երկարատև երաշտը կարծես փոխվում է, անցնում ենք աշնան եղանակին և այս տարվա համար խնդիրը համարենք լուծված:
Ջրի սպառման ծավալով պայմանավորված՝ 2023 թվականի ամռան համար պետք է ջուր կուտակել՝ անելիքներն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ներկայացրել է ջրային կոմիտեի ղեկավարը: Զտիչ կայանի տնօրենի գնահատմամբ՝ Պատարան լրացրել է աղբյուրներից ջրի պակասը:
Գեղամ Հովակիմյան (Ստեփանակերտի թիվ 2 զտիչ կայանի պետ) - Ստանում ենք 40 լիտր վայրկյան Պատարայից, 30 լիտր՝ պոմպակայաններից: Վայրկյանում 70 լիտր ջրով մենք կարողանում ենք ապահովել Ստեփանակերտ քաղաքի բնակչության 35 տոկոսին:
Ջրամբարի շինարարության երկրորդ փուլում նախատեսվում է կառուցել պատվարը, ինչի արդյունքում ջրամբարի հայելու մակերեսը կկազմի 40 հեկտար, ծավալը՝ 6,5 մլն խորանարդ մետր: Ջրամբարի շահագործմամբ շուրջօրյա խմելու ջուր կունենա ևս 10 բնակավայր:
Գեորգի Հայրիյան - Երկրորդ փուլում 7 մլրդ դրամ պիտի ծախսվի պատվարի կառուցման համար, իսկ երրորդ փուլում՝ ոռոգման համակարգերը, ցանցը, որը շատ ավելի երկար, ծավալուն աշխատանք կլինի: Այս պահին դրա հաշվարկները չունենք, բայց կարող ենք ասել, որ հետևողական աշխատանքի արդյունքում կարող ենք այդ ամբողջը ժամկետում իրականացնել:
Պատարայի ջրամբարի շինարարությունն Արցախի խոշոր տնտեսական ծրագրերից է: Նախատեսվում է, որ ջրամբարը կոռոգի 2500 հա դաշտ ու այգի: