2020 թ. մեկնարկին, երբ որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնում էի ՀՀ օրենքը «Տիեզերական գործունեության մասին», շատերը քմծիծաղ էին տալիս, շատերը չէին հավատում, ուրիշները զբաղված էին քննադատությամբ։ Շատ քչերն էին, որ հավատում էին և երազում, որ Հայաստանում կվերսկսվի տիեզերքի և արբանյակների ուղղությամբ արդյունաբերական և գիտահետազոտական զարգացման ժամանակը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
«Այսօր արդեն.
- Հայաստանն ունի Երկրի դիտարկման սեփական արբանյակ,
- Հայաստանում անց է կացվում աշխարհի ամենաառաջատար Starmus VI Armenia գիտական փառատոնը,
- Հայաստանը հյուրընկալել է համաշխարհային հեղինակության գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, երաժիշտների, գործարարների,
- Միջազգային պաշտոնական հյուրերի շարքում են շուրջ մեկ տասնյակ պետական և պաշտոնական պատվիրակություններ Արաբական Միացյալ Էմիրություններից, Եգիպտոսից, Իրանից, Սերբիայից, Վրաստանից, Օմանից, Բելառուսից, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունից,
- Հայաստան են այցելել հազարավոր մասնակիցներ` Ավստրալիայից մինչև ԱՄՆ, Ռուսաստանից մինչև Հարավային Աֆրիկա։
Սրանք իհարկե առաջին քայլերն են, և դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, սակայն ճիշտ ցանված և խնամված սերմն է, որ ի վերջո դառնում է ծառ և պտուղ է տալիս, իսկ դատարկ խոսակցությունները գալիս են ու գնում։
Վերջում ցանկանում եմ նշել, որ շատ-շատ սպասված իրադարձություն տեղի կունենա «Սթարմուսի» շրջանակներում, հետևեք, մասնակցեք, երազեք և գնացեք ձեր երազանքների հետևից»,- գրել է Արշակյանը: