Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նաուֆել Թելահիգեի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։
Ողջունելով գործընկերներին՝ նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է ՀՀ Կառավարության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև առկա երկարամյա համագործակցության փորձին։
Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև համագործակցության շրջանակներում 1995 թվականից ի վեր հիմնադրամի միջոցներով հանրապետությունում իրականացվել և իրականացվում է 7 ծրագիր` 89.51 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նախարարության և հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին և կլիմայի փոփոխության հարմարվողականության համատեքստում շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթություններին ու նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։
Շրջակա միջավայրի նախարարության և ԳԶՄՀ-ի համագործակցությունը ներկայումս իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ/GEF) միջոցներով ֆինանսավորվող «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում։
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամն հետաքրքրվածություն է ցուցաբերել համագործակցել շրջակա միջավայրի նախարարության հետ Հարմարվողականության հիմնադրամի շրջանակներում, ինչի շուրջ քննարկում ծավալելու վերաբերյալ նախարար Հակոբ Սիմիդյանն իր պատրաստակամությունն է հայտնել։
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը նախաձեռնել է Հայաստանի ռազմավարական հնարավորությունների ծրագրի արդյունքների վերանայման առաքելություն։ Հայաստանի ռազմավարական հնարավորությունների ծրագիրը հաստատվել է 2018 թ. և ընդգրկում է 2018-2024 թթ.-ը: Այն ՀՀ-ի և ԳԶՄՀ-ի միջև համագործակցության ռազմավարական փաստաթուղթն է։ ԳԶՄՀ թիմի հայաստանյան առաքելության նպատակն է գնահատել ռազմավարական փաստաթղթի իրականացման առաջընթացը։
Ռազմավարական փաստաթղթի հիմնական ուղղվածությունը գյուղատնտեսության և ագրոբիզնեսի զարգացումն է։
Փաստաթղթում նախանշված համագործակցության ուղղություններից է նաև գյուղատնտեսության զարգացման համատեքստում բնական ռեսուրսների կառավարման և կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտներում համագործակցությունը, մասնավորապես՝ հետազոտությունների իրականացում և կարողությունների զարգացում կլիմայադիմացկուն տեխնոլոգիաների ոլորտում, բերքի ապահովագրություն, կարողությունների զարգացում նորարարական տեխնոլոգիաների և կլիմայի փոփոխության հարմարվողականության քաղաքականության ոլորտներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ջրային ռեսուրսների կառավարման, կանաչ էկոնոմիկայի և կլիմայական ռազմավարության մշակման համատեքստում հնարավոր համագործակցությունը։
Նախարար Հակոբ Սիմիդյանն իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակել բոլոր այն ծրագրերի անխափան ու արդյունավետ ընթացքին, որոնք միտված են միջազգային լավագույն փորձի կիրառման միջոցով ապահովել շրջակա միջավայրի կայուն կառավարումն ու պահպանությունը։