«Ոստիկանության մասին» օրենքում Կառավարության առաջարկած լրացումն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ի նիստում:
Նախագծով անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած, հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած, երկու կամ ավելի անգամ բնակության վայրն ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասների նկատմամբ Կառավարության սահմանած կարգով կիրականացվի պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում: Այս կարգավորումը կվերաբերի նաև մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 և ավելի ժամ անհարգելի բացակայած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ օգտագործող անչափահասներին:
Կանխարգելիչ հաշվառում կիրականացվի նաև այլ խմբերում ընդգրկված մի շարք անչափահասների, ինչպես նաև նրանց վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների նկատմամբ: Հիմնական կարգավորումները ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ անչափահասներին դաստիարակելու, հաշվառելու և վերահսկողության տակ պահելու գործառույթը կարգավորվում է դեռևս 1996 թ. ընդունված հրամանով, որը նորմատիվ իրավական ակտ չէ, և այսօր ոլորտը կարգավորելու առումով խնդիրներ է հարուցում: Այս լրացմամբ նորմատիվ բնույթի պարտադիր վարքագծի կանոններ են սահմանվելու:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Հեղինակների առաջարկով մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկումը: