ԼԻԶ ԹՐԱՍԸ՝ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ
Մեծ Բրիտանիան նոր վարչապետ ունի: Պահպանողական կուսակցության նախագահի ընտրություններում արտաքին գործերի նախկին նախարար Լիզ Թրասը հաղթանակ է տարել Ռիշի Սունակի նկատմամբ: Թրասը վաղը կմեկնի Շոտլանդիա. Եղիսաբեթ Երկրորդ թագուհին նրան կխնդրի կառավարություն ձևավորել։
Լիզ Թրասը աչքի է ընկնում ընդգծված խիստ լիբերալ, հակառուսական հայացքներով: Թրասը բազմիցս հայտարարել է, որ անելու է ամեն ինչ Ռուսաստանի պարտությանը հասնելու համար: Նա եղել է Ջոնսոնի կաբինետում Ուկրաինա պաշտպանական զենք ուղարկելու ջատագովներից մեկը: Իր նախընտրական քարոզարշավի շրջանակում Թրասը խոստացել է շտապ քայլեր ձեռնարկել Մեծ Բրիտանիայում սոցիալական ծախսերի ճգնաժամի դեմ պայքարելու համար: Նա պարզաբանել է, որ հաղթելու դեպքում մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնի գործողությունների ծրագիր՝ էներգիայի աճող ծախսերի խնդիրը կարգավորելու հարցում:
ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏՈՒՄ
Իրանը պատրաստ է աջակցելու Եվրոպային էներգետիկ ոլորտում, եթե ստորագրվի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին: Նա հավելել է, որ եվրոպական երկրներն Իրանի էներգետիկ ներուժի մեծ կարիք ունեն։
«Մենք հուսով ենք, որ համաձայնագիրը կկնքվի, և Իրանը կկարողանա ավելի արդյունավետ դեր խաղալ աշխարհի ու Եվրոպայի երկրներին էներգակիրներ տրամադրելու գործում»,- ասել է դիվանագետը։
Օգոստոսի 22-ին Իրանը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին պատասխան էր ուղարկել իրանական միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ համաձայնագրի նախագծի առաջարկներին։
ԵՄ-ն Իրանի պատասխանն անվանել է կառուցողական և հավելել, որ իրենք խորհրդակցում են Վաշինգտոնի հետ հետագա քայլերի շուրջ։ Օգոստոսի 24-ին Իրանի իշխանությունները պատասխան են ստացել ԱՄՆ-ից, որի քննարկումը շարունակվում է արդեն մի քանի օր։