ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ֆիլիպինների Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Գ. Բայլենին: Հանդիպմանը ներկա էր նաև Ֆիլիպինների գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանը:
Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին, կարևորել նրա դիվանագիտական գործունեությունը՝ ի շահ հայ-ֆիլիպինյան կապերի զարգացման:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ Իգոր Բայլենը իր ներդրումը կունենա Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։ Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում հնարավոր համագործակցության ծրագրերի ներդրման հարցերը: «Շնորհակալ ենք, որ այսօր այցելել եք մեզ:
Վստահ եմ՝ կարող ենք արդյունավետ համագործակցություն ծավալել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Մենք համագործակցության հուշագրեր ունենք բազմաթիվ երկրների հետ, և դուք նույնպես կարող եք մեր գործընկերը դառնալ վերը նշված ոլորտներում: Հայաստանի յուրահատկությունն այն է, որ մեր երկիրը գտնվում է Ասիայի և Եվրոպայի մեջտեղում, ինչը հնարավորություն է մեզ տալիս ուսումնասիրելու և տեղայնացնելու բոլոր արդյունավետ մոդելները»,- ասել է փոխնախարարը և ընդգծել, որ համատեղ յուրաքանչյուր ծրագիր հետագայում կարող է արդյունավետ համագործակցության հիմք դառնալ:
Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո գտնվող ոլորտներում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով, որ բոլոր ուղղություններով էլ կատարվում են արմատական բարեփոխումներ:
«Կարծում եմ՝ փոխգործակցության արդյունքում մենք կարող ենք Հայաստանի լավագույն փորձառությունը կիրառել Ֆիլիպիններում: Մասնավորապես, մեծ հետաքրքրություն կա շախմատի՝ հանրակրթական ծրագրում ներդնելու ուղղությամբ»,- նշել է դեսպանը և հավելել, որ առաջիկայում նախատեսում է հանդիպել Հայաստանում Ֆիլիպինների համայնքի, ինչպես նաև ուսանողների հետ, որոնք նույնպես կարող են իրենց ներդրումն ունենալ հայ-ֆիլիպինյան հարաբերությունների ամրապնդման գործում՝ իրենց գիտելիքն ու փորձը հայրենակիցներին փոխանցելու առումով:
Հանդիպման ավարտին կողմերը նախնական համաձայնության են եկել փոքր, սակայն հաստատուն քայլերով զարգացնել բարեկամական երկրների միջև գործնական հարաբերությունները: