2022 թ. մարտի 15-ին և մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված ««Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ին գումարած նիստում:
Առաջարկվող չորրորդ ծրագիրը հիմնվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք ՊՀԱԾ-ների ձեռքբերումների վրա՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանում հանրային հատվածի գործառույթների և ծառայությունների արդիականացման ուղղությամբ GovTech` հանրային հատվածի արդիականացման համապետական մոտեցման ներդնումը: Ծրագիրը հաջողությամբ իրականացնելու արդյունքում ակնկալվում է բարձրացնել ընտրված պետական ծառայությունների արդյունավետությունն ու բարելավել դրանց հասանելիությունը բիզնեսի և քաղաքացիների համար: Ծրագիրը համահունչ է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրին:
Հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հայտնել է, որ ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 26 մլն 500 հազար եվրո: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 14.5 տարի, վարկի տարեկան տոկոսադրույքը՝ բազիսային տոկոսադրույք (6-ամսյա EURIBOR) գումարած լողացող սպրեդ: Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար՝ տարեկան 0.25 տոկոս դրույքաչափով՝ համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով՝ տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ: Նախատեսված է նաև միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25 տոկոսի չափով:
Վարկային համաձայնագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար կառաջացնի լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:
Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Աշոտ Մուրադյանը հայտնել է, որ նախորդ ծրագրերի իրականացմանը զուգահեռ ոլորտում ծառայությունների որակի աճ է նկատվել:
Օրենքի նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Մինչև ԱԺ լիագումար նիստում հարցի քննարկումը՝ գործադիր մարմնից կներկայացվի տեղեկատվություն նախորդ երեք ծրագրերի կատարման արդյունքների վերաբերյալ: