ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը օգոստոսի 25-ին որոշում է ստորագրել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ ստեղծելու մասին։
Խորհուրդը ձևավորվել է կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից՝ անդամության հրավերի հիման վրա ընտրված հայտատուներից։ Այն ի պաշտոնե ղեկավարում է Պաշտպանը։
Խորհրդի նպատակն է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելը՝ որպես խորհրդատվական մարմին:
Նորաստեղծ խորհրդի խնդիրներն են աջակցել Պաշտպանին՝ կանանց իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման աշխատանքներում, նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, վեր հանել խնդիրներն ու բացերը` առաջարկելով օրենսդրական լուծումներ:
Խորհրդի անդրանիկ նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին։
Այս պահին գործում են Պաշտպանին առընթեր երեք խորհրդատվական խորհուրդներ՝ խոշտանգումների կանխարգելման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհուրդները:
Որոշումն ամբողջական՝ այստեղ: