Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն այսօր նշանակվեց իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար և երկրի վարչապետ, հայտնում է Reuters-ը։
Գործակալությունը մանրամասնում է, որ երեքշաբթի նոր վարչապետը կմեկնի Շոտլանդիա, որտեղ այժմ գտնվում է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Նա Թրասին կխնդրի կառավարություն ձևավորել։
Նոր վարչապետը կլինի կառավարության չորրորդ պահպանողական ղեկավարը 2015 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։
Իր նախընտրական քարոզարշավի շրջանակում Թրասը խոստացել է շտապ քայլեր ձեռնարկել Մեծ Բրիտանիայում ապրուստի ծախսերի ճգնաժամի դեմ պայքարելու համար: Նա պարզաբանել է, որ հաղթելու դեպքում մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնի գործողությունների ծրագիր՝ էներգիայի աճող ծախսերի խնդիրը կարգավորելու հարցում:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, սակայն, բրիտանական Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը կարող է աղետ լինել երկրի համար՝ որպես վարչապետ։
«Եթե նա երկիրը ղեկավարի նույն կերպ, ինչպես քարոզարշավը վարեց ամռան ընթացքում, աղետ կլինի ոչ միայն Շոտլանդիայի, այլև ողջ Մեծ Բրիտանիայի համար։ Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Սթերջենը: