Ծխերի մեջ, թրջված աշխատելուն վարժվում են, իրենց գործն է՝ ասում են հրշեջ-փրկարարները․ միայն թե հասցնեն օգնել, որ զոհ չլինի։ Այդ օրը վառվող շենքից 85 քաղաքացի են տարհանել։
Գևորգ Թորոսյան (ՀՀ ԱԻՆ ԵՓՎ 5-րդ ՀՓՋ ավագ հրշեջ-փրկարար) - 30-35 հոգու մենք ենք հանել, մենք երեքով:
Գևորգը, Սամվելն ու Ժիրայրը՝ յուրաքանչյուրը 10-12 անգամ թթվածնային բալոններով բարձրացել են Արաբկիրում օգոստոսի սկզբին հրդեհված բարձրահարկ ու շնչելու իրենց ապարատը տուժածներին տալով՝ իջեցրել մարդկանց։
Դեպքի վայրից այս կադրերում հետո պարզ դարձավ՝ ինչ վիճակում են հայտնվել թունավոր ծուխն այդքան շնչած փրկարարները։ Երբ վերջին խումբ մարդկանց իջեցրեց ներքև, օդն արդեն չէր հերիքում, գլխապտույտ, սրտխառնոց, աչքերի դիմաց սևացավ, անմիջապես շտապօգնության մեքենա մտցրին՝ հիշում է Սամվել Դալլաքյանը։
Սամվել Դալլաքյան (ՀՀ ԱԻՆ ԵՓՎ 5-րդ ՀՓՋ ավագ հրշեջ-փրկարար) - Տան ներսում հղի կին կար, անչափահասներ, երեխա: Ավելի նպատակահարմար գտա, որ իրա դեմքին դնեմ մասկան, երեխային էլ, հղի կնոջն էլ, հետո իրենց դուրս ենք բերել, ներքև իջեցրել։ Ես էլ եմ ծխահարվել, հետո ինձ տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ծխահարվելու պատճառով, պարզվում է, այդ օրը հիվանդանոցում է հայտնվել նաև Երևանի 5-րդ ջոկատի ավագ հրշեջ-փրկարարներից Ժիրայրը։
Ժիրայր Գալստյան (ՀՀ ԱԻՆ ԵՓՎ 5-րդ ՀՓՋ ավագ հրշեջ-փրկարար) - Ովքեր որ ներսում եղել են, ծուխ էին շնչել, բոլորն էլ հազում էին, ծուխը շատ խիտ էր, ինքը շնչառությունն ամբողջությամբ փակում էր:
911-ի թթվածնային մի բալոնը հերիքում, այսպես ասած՝ պահում է մաքսիմում 20-25 րոպե։ Թանձր, թունավոր ծխի պայմաններում իհարկե հասկանում էին, որ հնարավոր է՝ իրենք էլ չդիմանան, բայց տներում թուլացած երեխաների, խուճապահար կանանց ու ծերերի տեսնելով՝ անգամ չեն մտածել՝ փրկվե՞ն, թե՞ փրկեն։ Խոսել այս մասին տղաները չեն սիրում։
Նման աշխատողներ ունենալու համար իհարկե հպարտ են՝ ասում են Արաբկիրի ու Քանաքեռ-Զեյթունի մոտ 200 հազար բնակչությանը սպասարկող հրշեջ-փրկարարական 5-րդ ջոկատի ղեկավարությունից։
Գագիկ Լազգյան (ՀՀ ԱԻՆ ԵՓՎ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ) - ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ 7 հոգու առանձին ենք խրախուսել, ևս տղաները, ովքեր այս ծխապատ գոտում մարդկանց կյանքեր են փրկել:
Չես կարող իմանալ, թե հերթափոխի ստացած՝ հրդեհ լինի, փակված դուռ կամ օձը տուն է մտել կանչն ինչով կավարտվի, եթե ուշանան՝ ասում են փրկարարները։ Այնպես որ, շաբաթը 7 օր, օրը 24 ժամ․ նրանց 1-2 րոպե է պետք՝ հավաքվել-դեպքի վայր մեկնելու։