Եվրամիությունը մտադիր է փոփոխել իր վաղեմի ռազմավարական պաշտպանության հայեցակարգը՝ «Ռազմավարական կողմնացույցը», ուկրաինական իրադարձությունների պատճառով, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նրա խոսքով՝ «Ռազմավարական կողմնացույցը» մշակվել, քննարկվել ու համաձայնեցվել է Ուկրաինայում ՌԴ սկսած ռազմական գործողություններից առաջ։ Նա խոստովանել է, որ փաստաթուղթը դիտարկում է իրադարձությունների զարգացման տարբերակներ, տարբեր սպառնալիքներ, «սակայն ներկա մասշտաբի իրադարձությունները փաստաթղթում նախատեսված չէին»։
Մարտի վերջին ԵՄ ղեկավարները հավանություն տվեցին «Ռազմավարական կողմնացույցի» բազմամյա ծրագրին, որը կոչված է օգնելու Միության պաշտպանական և անվտանգության կարողությունների ամրապնդմանը։ Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ն պետք է կարողանա ինքնուրույն կամ գործընկերների հետ արձագանքել առաջացող ճգնաժամերին։ Այս առումով «Ռազմավարական կողմնացույցը» նախատեսում է արագ արձագանքման եվրոպական ուժերի ձևավորում՝ բաղկացած 5000 հոգանոց կորպուսից։
ԵՄ երկրները «Ռազմավարական կողմնացույց» պաշտպանական նոր ռազմավարության շրջանակներում պետք է նաև կանոնավոր համատեղ զորավարժություններ անցկացնեն ծովում և ցամաքում, մեծացնեն ռազմական շարժունակությունը, ուժեղացնեն քաղաքացիական և ռազմական առաքելությունները՝ որպես միասնական պաշտպանության և անվտանգության քաղաքականության մաս։
Միաժամանակ, ինչպես պարզաբանել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, խոսք չի գնում միասնական եվրոպական բանակ ստեղծելու մասին։