ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ օրենքի նախագծով առաջարկվում է 2017 թվականի օրենքի հոդվածներից մեկում կատարել փոփոխություն հետևյալ բովանդակությամբ՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը որպես օտարերկրյա քաղաքացի՝ ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել որևէ մարզաձևի ՀՀ հավաքականում հանդես գալու համար և մինչև 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է:
«Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար քաղաքացին կամ համապատասխան ֆեդերացիան մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը դիմում է որպես սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին, որը մեկամսյա ժամկետում պարզում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն օրենքի հոդվածին և միջնորդություն ներկայացնում ՀՀ պաշտպանության նախարարություն, որը քաղաքացուն ազատում է պարտադիր զինվորական ծառայությունից:
Ժամանակին մասնավորապես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես գալու համար բազմաթիվ երիտասարդներ են հրավիրվել արտասահմանից, մեկ խաղ խաղացել են կամ չեն խաղացել, կուտակվել է հսկայական ցուցակ, և այդ մարդիկ իրենց երկրում օրենքի խնդիր ունեն, որովհետև հետախուզում է հայտարարված»,- ասաց Կարեն Գիլոյանը: