ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ Արևելյան Ատրպատականը մեծ ներուժ ունի, որը պետք է օգտագործել ամբողջությամբ։
«Հայաստանի մի շարք մարզեր և Իրանի նահանգները հաջողությամբ համագործակցում են։ Աշխարհագրական առումով շատ կարևորում ենք Արևելյան Ատրպատականի նահանգի դերը հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից։ Մեր բարեկամական հարաբերություններն արագ տեմպով զարգանում են, էլ ավելի խորացնելու մեծ պոտենցիալ կա, և մեր առջև խնդիր է դրված մեծացնելու հայ-իրանական առևտրաշրջանառությունը։ Այդ նպատակով մենք բարեկարգում ենք մեր ենթակառուցվածքները՝ հեշտացնելու համար կապը բարեկամական Իրանի հետ»,- ընդգծել է նախարարը։
ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր հերթին կարևորել առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։
Աբեդին Խորրամին ընդգծել է, որ իրենք Հայաստանը դիտարկում են դեպի ԵԱՏՄ շուկա դուրս գալու դարպաս և վստահ են, որ առաջիկայում ականատես կլինեն այդ ուղղությամբ հարաբերությունների զարգացման։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ենթակառուցվածքների, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի վերաբերյալ հարցեր։ Կարևորվել է Սյունիքի մարզի հետ առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջև դեռևս 2000-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր։
Նման համագործակցություն առկա է նաև Արմավիրի մարզի հետ։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։