Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 3-ին խորհրդակցություն է անցկացրել առողջապահության համակարգի բարեփոխման ծրագրերի շուրջ, որին մասնակցել են առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, պետական նախարարի խորհրդական Արա Բաբլոյանը, նախարարությանը կից գործող մասնագիտական խորհրդի համակարգող Արամայիս Գալումյանը և որոշ բուժհիմնարկների ղեկավարներ:
Անդրադարձ է կատարվել առողջապահության համակարգի զարգացման հնգամյա ռազմավարության նախագծի մշակման աշխատանքներին, որի առթիվ պետական նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտել աշխատանքային խմբերի քննարկումներն ու վերջնականացնել նախագիծը, որպեսզի հաջորդ փուլում նախապատրաստվեն ու իրականացվեն ռազմավարությունից բխող միջոցառումները:
Հիմնական քննարկումները ծավալվել են համակարգի կառավարման մոդելի ու ֆինանսավորման մեխանիզմների շուրջ, որոնց արդյունքում որոշվել է վերջնականացնել բուժաշխատողների վարձատրության խթանիչ մեխանիզմների մշակումը և փորձնական հիմունքներով դրանք ներդնել բուժծառայությունների մի մասում:
«Առողջապահության համակարգի գլխավոր ուղղություններից են կառավարումն ու ֆինանսավորումը, որոնց բարեփոխումները հարկ է կատարել առաջին փուլում, ինչը դրականորեն կանդրադառնա համակարգի որակի վրա՝ և՛ բուժաշխատողի, և՛ քաղաքացիների տեսանկյունից:
Բուժաշխատողները պետք է ստանան խթանող ու արդարացի վարձատրություն, և այնպիսի մեխանիզմներ պետք է ներդնել, որոնք կապահովեն լրիվ պետպատվերով բուժսպասարկումը՝ բացառելով ստվերային վճարման երևույթները: Ինչ վերաբերում է կառավարմանը, ապա դա առնչվում է համակարգի բոլոր ուղղություններին, և անհրաժեշտ է հնարավորինս արագ կերպով հստակեցնել առկա հիմնախնդիրներն ու անցնել ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը: Վստահ եմ, որ տեղի, հայաստանյան և սփյուռքյան առաջատար մասնագետների ընդգրկմամբ կկարողանանք այս և այլ ռազմավարական բարեփոխումներն իրականացնել արդյունավետորեն ու պատշաճ ժամկետներում»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ներկայացրել է քննարկվող հարցերի շուրջ կատարված աշխատանքներն ու արդյունքները, իսկ Արա Բաբլոյանն ու Արամայիս Գալումյանը՝ իրենց մոտեցումներն ու առաջարկները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակաբար աջակցել նախատեսված ծրագրերի իրականացմանը:
Շահագրգիռ քննարկումների արդյունքում պետական նախարարը մի շարք հանձնարարություններ է տվել առողջապահության նախարարությանը՝ ընդգծելով բոլոր կարողունակ ու պատրաստակամ շրջանակների ընդգրկման ու ժամկետների խստիվ պահպանման անհրաժեշտությունը: