«Բացահայտվել է Կոնրադ Միզզիի գաղտնի պայմանագիրը ադրբեջանական SOCAR-ի հետ»՝ սա հայտնի Shift պարբերականի հրապարած հոդվածի վերնագիրն է. հետաքննական նյութը մի քանի ժամում հասցրել է հայտնվել աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում:
Պարբերականը հոդվածի վրա սկսել է աշխատել, երբ 2017-ին սպանված մալթացի լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի անունը կրող հիմնադրամին մեկ տարի համառ աշխատանքի արդյունքում հաջողվել է ձեռք բերել էներգետիկ գաղտնի համաձայնագրի պատճենը, որը Մալթայի էներգետիկայի նախկին նախարար Կոնրադ Միզզին կնքել էր Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի հետ: Գործարքի մանրամասները երկար տարիներ գաղտնի էին պահվում:
Առաջին անգամ բացահայտված գաղտնի էներգետիկ համաձայնագիրը ցույց է տալիս, որ Մալթայի կառավարությունը, ըստ էության, անվերապահ երաշխիք է տվել SOCAR Trading-ին՝ մասնակցելու Electrogas-ի պահանջները բավարարելու գործընթացին: ElectroGas-ն այս գաղտնի պետական երաշխիքը ստացել է առանց վճարի, ինչը լուրջ կասկածների տակ է դնում դրա օրինականությունը՝ հաշվի առնելով ԵՄ օրենսդրությունը:
Լրատվամիջոցի հրապարակած հոդվածի համաձայն՝ երկար ժամանակ գաղտնի պահվող համաձայնագիրը փաստացի բացահայտում է, որ SOCAR Trading-ը Ադրբեջանի կառավարությանը պատկանող SOCAR-ի շվեյցարական դուստր ձեռնարկությունն է. այս փաստը գաղտնի է պահվել Եվրահանձնաժողովից: The Shift-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախկին նախարար Միզզին անձամբ է ստորագրել կառավարության և SOCAR Trading-ի միջև ElectroGas էլեկտրակայանին հեղուկ բնական գազի մատակարարման համաձայնագիրը՝ հիմնվելով Եվրախորհրդարանի պատգամավոր Դեյվիդ Կասայի հրապարակած զեկույցի արդյունքների վրա:
Լրատվամիջոցը ահազանգում է, որ բազմամիլիոնանոց համաձայնագրի տակ թաքնված գործարքներն ու խարդախությունները շարունակվում են, այդ թվում՝ ճնշումը լրագրողական համայնքի վրա: Shiftը հիշեցնում է նաև մալթացի հայտնի լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության դեպքը, որն անմիջականորեն զբաղված էր այս գործարքի բացահայտման գործով:
ElectroGas-ի տնօրեն և անուղղակի բաժնետեր Յորգեն Ֆենեխը մեղադրվում է Կարուանա Գալիցիայի դեմ մահափորձ կազմակերպելու համար: Կոնրադ Միզզիի և Քիթ Շեմբրիի նկատմամբ ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել՝ ճանապարհորդությունների արգելքի տեսքով. պատճառն էլ ElectroGas-ի հետ կապված կոռուպցիոն սկանդալն է:
Մեկ տարի առաջ Մալթայի ոստիկանությունը նոր փաստեր էր հրապարակել մալթացի հետաքննող լրագրող Դաֆնե Գալիցիայի սպանության մասին: Հայտնի էր դարձել, որ Գալիցիային սպանել են ոչ թե արդեն հրապարակված տեղեկությունների, այլ ձեռքի տակ եղած նոր փաստաթղթերի համար: 2017-ի հոկտեմբերի 16-ին մալթացի լրագրողի դաժան սպանությունը աղմուկ առաջացրեց ոչ միայն լրագրողական հանրության, այլև քաղաքական գործիչների շրջանում: Դաֆնե Կարուանա Գալիցիայի մեքենան պայթեցվել էր շարժվելուց վայրկյաններ անց՝ խոշոր կոռուպցիայի մասին նրա հոդվածի հրապարակումից 1 օր առաջ:
Իսկ հոդվածը պատմելու էր Մալթայի և Ադրբեջանի իշխանության խոհանոցային գործարքների մասին: Լրագրողի սպանությունը առաջին հերթին ցնցեց Մալթայի կառավարության հիմքերը՝ ստիպելով հրաժարականի դիմումների շարք սկսել:
Բանն այն է, որ Դաֆնե Գալիցիան բացահայտել էր, թե ինչպես են ադրբեջանական նավթադոլարները հայտնվում Մալթայում և այլ անվան տակ հասնում Պանամայի ու Վիրջինյան կղզիների օֆշորային գոտիներ:
Իլհամ Ալիևի անունը այդ բացահայտումներում ամենաշատ հանդիպողներից է: