Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է այն երկրների անունները, որոնք կհրավիրվեն հոկտեմբերին Պրահայում կայանալիք Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այդ մասին գրում է The Guardian-ը։
Առաջիկա գագաթնաժողովին, ենթադրաբար, մասնակցող երկրների թվում են Հայաստանը և Ադրբեջանը։ Նշվում է, որ միջոցառմանը նախատեսվում է քննարկել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ստեղծման գաղափարը, որի ձևաչափը ենթադրում է փոխգործակցություն այն երկրների հետ, որոնք դիտարկում են ԵՄ-ին հնարավոր անդամակցության հարցը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրահայում ԵՄ նիստում ԵՔՀ-ի քննարկման նախաձեռնողը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր։ Նրա խոսքով՝ նախատեսվում է ստեղծել մի կազմակերպություն, որը կարող է իր շարքերն ընդունել Ուկրաինային, ինչպես նաև ԵՄ-ից դուրս եկած Մեծ Բրիտանիային։