Իրանի խոշոր ավտոարտադրողներից մեկը ծրագրում է արտադրական գիծ գործարկել Հայաստանում՝ հայտնում է պետական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության Առևտրի խթանման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքին։
Ավելի վաղ իրանցի պաշտոնյան և Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը քննարկել են առևտրային հարաբերությունների զարգացման, ապրանքների տարանցման այլընտրանքային ուղիների, ինչպես նաև կենցաղային և էլեկտրոնային սարքավորումների համատեղ արտադրական գծի գործարկման հարցերը։
«Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ այս նախագիծը կարող է լավ արդյունքներ ունենալ երկու երկրի համար», - ասել է Փեյմանփաքը:
Նրա խոսքով՝ հոկտեմբերի կեսերին Հայաստանում Իրանի առևտրի կենտրոնի բացման կապակցությամբ իրանական առևտրային պատվիրակությունը կայցելի Երևան։
Իրանի առևտրի խթանման կազմակերպության ղեկավարը, մատնանշելով հանքարդյունաբերության ոլորտում երկու երկրի համագործակցության զարգացումը, կարևորել է Հայաստանում Սիսիան-Քաջարան ճանապարհի շինարարության ծրագիրը: Սիսիան-Քաջարան ավտոճանապարհը ներառված է Հյուսիս-հարավ նախագծում, նշում է IRNA-ն։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ավելի վաղ Իրանը, որը Հայաստանի հետ ընդհանուր ցամաքային սահման ունի, ցանկություն էր հայտնել միանալ եվրասիական տարածքում այս ինտեգրացիոն ասոցիացիային։ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը, որը ստորագրվել է 2018 թվականի մայիսին և ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերին, ավարտվում է 2022 թվականին, քանի որ նախատեսված էր երեք տարվա համար։ Կողմերը ներկայումս բանակցություններ են վարում լիարժեք համաձայնագրի շուրջ։