Իրանը պատրաստ է աջակցելու Եվրոպային էներգետիկ ոլորտում, եթե ստորագրվի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, գրում է РИА Новости-ն։
Նա հավելել է, որ եվրոպական երկրներն Իրանի էներգետիկ ներուժի մեծ կարիք ունեն։ «Մենք հուսով ենք, որ համաձայնագիրը կկնքվի, և Իրանը կկարողանա ավելի արդյունավետ դեր խաղալ աշխարհի ու Եվրոպայի երկրներին էներգակիրներ տրամադրելու գործում»,- ասել է դիվանագետը։
Օգոստոսի 22-ին Իրանը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին պատասխան էր ուղարկել իրանական միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ համաձայնագրի նախագծի առաջարկներին։ ԵՄ-ն Իրանի պատասխանն անվանել է կառուցողական և հավելել, որ իրենք խորհրդակցում են Վաշինգտոնի հետ հետագա քայլերի շուրջ։ Օգոստոսի 24-ին Իրանի իշխանությունները պատասխան են ստացել ԱՄՆ-ից, որի քննարկումը շարունակվում է արդեն մի քանի օր։