Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1020 ահազանգ, որից 903-ը՝ ճանաչողական բնույթի:
Ահազանգերի թվում արձանագրվել է տեխնածին 12, բնածին 33 և սոցիալ-կենցաղային բնույթի 14 կանչ:
45 հրդեհի դեպքերի մեծ մասը բռնկվել է չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները, հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Բարեբախտաբար արձանագրված հրդեհներից տուժած անձինք չկան:
Հակահրդեհային նորմերի պահպանման և խախտումների վերաբերյալ համապատասխան վերլուծական աշխատանքներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 13 դռան և 1 վերելակի բացում:
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:23-ին, Ստեփանակերտ քաղաքի Արթուր Մկրտչյան հասցե մեկնած փրկարարները, բացելով փակված բնակարանի դուռը, հայտնաբերել են Ստեփանակերտ քաղաքի բնակչի (ծնված 1933 թ.) դին, դեպքի առթիվ ստուգումներ են իրականացնում ՆԳ նախարարության ոստիկանության աշխատակիցները:
Նշված ժամանակահատվածում առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ:
Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք, և 2 դեպքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի կանչերի:
Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ շարունակում են իրականացնել չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել են 53 պայթուցիչ, հրթիռակասետային 2 ռումբ, ականանետի 17 ական, 51 արկ, 10 ձեռքի և 4 նռնականետի նռնակ:
ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն: