2022-ի առաջին կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների աճը նախատեսվածից բարձր է եղել՝ նշել է ֆինանսների նախարարը՝ խորհրդարանում ներկայացնելով 6 ամսվա արդյունքները: Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ հունվարից-հունիս գրանցվել է 17-18 տոկոս անվանական աճ:
Ներկայացնելով տնտեսական ակտիվության ցուցանիշները՝ Խաչատրյանը նշել է՝ ՀՆԱ-ի աճը կազմել է 11 տոկոս: Ըստ նրա՝ առաջին 6 ամսում 38,7 տոկոս ակտիվություն է արձանագրվել ֆինանսական և ապահովագրական գործունեության բնագավառում, տեղեկատվության և կապի բնագավառում՝ 27,2 տոկոս: Շինարարությունը գրանցել է 27,2, առևտուրը՝ 15,4 տոկոս աճ:
Անդրադառնալով գնաճին՝ Խաչատրյանն արձանագրել է, որ 12-ամսյա գնաճը կազմել է 10,3 տոկոս, բայց հուլիսի արդյունքներով գրանցվել է սպառողական գների նվազեցված ցուցանիշ:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Վեցամսյա ժամանակահատվածում հետևել ենք ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու քաղաքականությանը, ինչը, բնական է, կապված է նախորդ երևույթի հետ. երբ մենք ունեինք բարձր գնաճ, ԿԲ-ն իր գործիքակազմով փորձում է գնաճը վերադարձնել օրենքով սահմանված թիրախին մոտ, 1.5 տոկոսային կետով այդ ժամանակահատվածում տեղի է ունեցել վերաֆինանսավորման տոկոսադրույքի մի քանի բարձրացում, արդյունքում 9.25 տոկոսով ավարտել ենք վեցամսյա ժամանակահատվածը: