Ե՛վ կենսաբանական խթանիչ, և՛ միջատասպան՝ մանրէային մելանինով այս նյութը հայ գիտնականների նոր հայտնագործությունն է, որը ստացել են Հայկենսատեխնոլոգիայի ինստիտուտում:
Անիչկա Հովսեփյան («Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի առաջատար գիտաշխատող) - Մենք ստանում ենք մելանինոգեն շտամներ՝ բացիլոսյուրինգենզիս մանրէի հիման վրա, որը արտադրում է և՛ միջատասպան պատրաստուկ, և՛ միևնույն ժամանակ մանրէային մելանին:
Բավականին բարդ արտաբերվող նյութերից հայ գիտնականները ստանում են երկու արժեքավոր պատրաստուկ: Մեկը կարելի է կիրառել վնասատուների դեմ պայքարում, իսկ մյուսը օգտագործել որպես կենսաբանական խթանիչ՝ ասում են նյութի հեղինակներ Անիչկա Հովսեփյանն ու Սոնա Ավետիսյանը: Նյութի ստացման համար 20 տարուց ավելի աշխատում են: Շուրջ երկու տարվա փորձարկումների արդյունքում պարզել են, որ մանրէային մելանինով մշակված սերմերը ոչ միայն առատ բերք են տալիս, այլև արագացնում են բերքի աճը: Պատրաստուկը փորձարկել են նաև Վայոց ձորի այգիներում խաղողի ողկույզակերի դեմ:
Սոնա Ավետիսյան («Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ավագ գիտաշխատող) - Կարող է լինել հեղուկ վիճակով և չոր վիճակում, որը նույնպես կարող են ջրի մեջ լուծել և օգտագործել: Սա սրսկման համար է, իսկ սա՝ բույսերի խթանման, որը նույնպես արտակարգ ազդեցություն ունի:
Կենսաբանական պատրաստուկները հիմնականում ներկրում են Ռուսաստանից: Ֆերմերների համար գիտնականները նույնիսկ հաշվարկներ են արել: Նմանատիպ ռուսական կենսաբանական պատրաստուկի մեկ լիտրն արժի 4000 դրամ. մեկ հեկտարի համար պահանջվում է 6 լիտր պատրաստուկ, իսկ հայկականի դեպքում մեկ հեկտարի համար կպահանջվի մեկ լիտր, որի դեպքում հազիվ թե ծախսվի 1000 դրամ՝ ասում է Սոնա Ավետիսյանը:
Սոնա Ավետիսյան - Էն, ինչ որ բերվում ա Հայաստան, դրանք սարսափելի թանկ են: Երբ որ խոսեցինք բազայի ղեկավարների հետ, այդ մարդիկ ասեցին՝ ինչքան գումար են ներդնում սրսկումների վրա, մենք ապշեցինք, որովհետև այն, ինչ մենք ենք արտադրում, մեկ լիտրը գալիս է մոտ 2 դոլար:
Հայաստանում կենսաբանական միջատասպան նյութի նմանատիպ արտադրություն դեռ չկա: Հիմա պատրաստուկի հեղինակները փորձում են գտնել ներդրողներ լայնամասշտաբ արտադրության համար: