«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք». սա հատուկ ուղերձ է, որը հանրությանը փոխանցում էին հատուկ կարիքներ ունեցող մարդիկ՝ երաժշտության լեզվով: Ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային փառատոնն անցկացվում է արդեն երկրորդ անգամ:
Նման միջոցառում կազմակերպելու միտքը Մխիթարյան քույրերի մեջ առաջացել էր Խարբերդի մանկատանը իրենց համերգներից մեկի ժամանակ:
Անահիտ Մխիթարյան («Ճախրուկ» մշակութային կենտրոնի համահիմնադիր) - Երեխաների հետ ծանոթանալուց, աշխատելուց հետո, երբ որ հասկանում ես, որ իրենց հնարավորություններն ուղղակի անսահման են, իրենք են քեզ ստիպում մտածելու ինչ-որ լավ բաներ, որտեղ իրենք կկարողանան իրենց դրսևորել:
Չնայած փառատոնը միջազգային էր, նախորդ տարի մասնակցում էին միայն Հայաստանում ձևավորված խմբերը: Այս տարի արդեն «Ճախրուկը» հյուրեր ուներ՝ Ռուսաստանից երկու խումբ էր ժամանել: Սաղմոսավանքի բակում անցկացվող միջոցառմանը մասնակցում էր նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Այս փառատոնով կազմակերպիչները փորձել են խթանել սոցիալական ներառականությունը, ստեղծել հարթակ, որտեղ կձևավորվեն նոր շփումներ, ծանոթություններ:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Մարդիկ, որոնք ունեն հաշմանդամություն, դա ընդհանրապես որևէ խոչընդոտ չպետք է հանդիսանա, որպեսզի նրանք առավել ներառական միջավայրում լինեն, և երաժշտությունը իրականում այն լեզուն է, այն միջնորդն է այս պարագայում, որը հնարավորություն է տալիս ցույց տալու, որ դրանք խոչընդոտներ չեն, և եթե կա ուժ, և եթե կա կամք, և եթե կա սեփական ունակությունները և սեփական հնարավորությունները ցույց տալու դրսևորում, հետևաբար հնարավոր է, որ մենք մեր հասարակության լիիրավ անդամ նաև ընդունենք բոլոր այն մեր հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք մեր կողքին են ապրում, մեր հետ են ապրում և չպետք է տարբերություն զգան:
«Ճախրուկ» ամենամյա երկրորդ փառատոնին բեմ են դուրս եկել Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, Գյումրու «Մանկան տուն» մանկատան երեխաները, Դաունի համախտանիշ ունեցող երեխաների «Արևային զանգակներ» նվագախումբը, «Մայրի» սոցիոմշակութային կենտրոնի սաները և Ռուսաստանից Благое дело ու Преодаление խմբերը: Միջոցառման հատուկ հյուրն էր Արտո Թունջբոյաջյանը:
Անուշ Մխիթարյան («Ճախրուկ» ՀԿ նախագահ) - Երեխաների աշխարհը ուրիշ ա և էնքան իրենց բաց աշխարհին, ինչքանով կկարողանանք մոտենալ իրենց ներկայացրած մշակույթով, դա արդեն մեր հնարավորությունների մասին է:
Համերգի ամբողջ ընթացքում, ելույթներից հետո մասնակիցները մոտենում էին «Հոգու թռիչք» կտավին, յուրաքանչյուրը կտավին է հանձնում այն, ինչ իր մտքում և հոգում է: Իր գույներն է կտավին ավելացնում նաև վարչապետի տիկինը:
Անահիտ Մխիթարյան - Երեխաների երջանիկ են, մեր նպատակը իրենց երջանիկ տեսնելն է, իրենց երազելու հնարավորություն տալն է:
Այն, որ միջոցառումը արդեն երկրորդ անգամ է անցկացվում, նշանակում է այն հաջողել է և հասել իր նպատակին՝ կարծում են Մխիթարյան քույրերը: Հուսով են, որ փառատոնը կունենա իր շարունակականությունը և միաժամանակ կընդլայնի աշխարհագրությունը՝ Հայաստանը դարձնելով նման մեծ ասելիք ունեցող իրադարձության կենտրոն: