ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ գործընկերների հետ հանդիպել է Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր Սաֆար Նասրօլլահ Զադեհի հետ, որի հետ քննարկել են երկկողմ համագործակցություն հաստատելու քայլերն ու դրա շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
«Մեր բարեկամ Իրանի բուհերի հետ համագործակցային հարաբերությունները մեզ համար կարևոր են ոչ միայն կրթության ու գիտության զարգացման, այլև իրար ավելի լավ հասկանալու, երկկողմ հարաբերություններն սերտացնելու ու խորացնելու տեսանկյունից։
Սաֆար Նասրօլլահ Զադեհի հետ հանդիպման արդյունքում պայմանավորվեցինք իրականացնել աշխատանքներ՝ ուղղված երկու համալսարանների ուսանողների և մասնագետների փոխանակման ծրագրեր, համատեղ հետազոտական նախագծեր, ակադեմիական ու մշակութային տարբեր նախաձեռնություններ իրականացնելուն։
Բացի դրանից՝ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Թավրիզի պետական համալսարանում ստեղծել հայագիտության ամբիոն, որին լիովին աջակցելու պատրաստակամություն ենք հայտնել, ինչպես նաև ԵՊՀ իրանագիտության ամբիոնի շրջանակում ստեղծել Ատրպատականի ուսումնասիրությունների կենտրոն, որը տարածաշրջանային հետազոտությունների կարևոր հարթակ կդառնա»։