Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մանրամասն քննարկվել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Զրույցի ընթացքում ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության ու անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապեր հաստատելու ուղղությամբ համակարգված ջանքերի կարևորությունը։ Այդ համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերը հետևողականորեն իրականացնելու մտադրությունը:
Ադրբեջանի նախագահը Պուտինին տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մասին: Կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի քանի հարցեր, այդ թվում՝ առևտրի, տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։
ԻՐԱՎԻՃԱԿՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ՝ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Էրդողանի հետ: Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ: Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Ուկրաինայում իրավիճակը, «Հացահատիկի գործարքի» իրականացման առաջընթացի մասին հարցեր: Երկու երկրների առաջնորդները անդրադարձել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխգործակցության հարցերին, վերահաստատել համագործակցությունը առևտրատնտեսական և էներգետիկայի ոլորտներում: Թուրքիայի ղեկավարը նաև ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերը ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Զապորոժիե ատոմակայանում կազմակերպելու գործում:
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՐՑՆԵԼ. ՄԻՇԵԼ
Եվրահանձնաժողովը չափազանց դանդաղ է արձագանքում գազի և էլեկտրաէներգիայի գների սրընթաց աճին. այն դեռևս որևէ հստակ առաջարկ չի ներկայացրել գազի գնի աճը կանգնեցնելու վերաբերյալ: Նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: «Մենք մի քանի անգամ խնդրել ենք Եվրահանձնաժողովին հստակ առաջարկներ ներկայացնել: Մեր քաղաքացիների, ընտանիքների, ընկերությունների համար գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն աղետ է»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Միշելի կարծիքով՝ Եվրամիությունը չի կարող այլևս ժամանակ կորցնել: Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը սեպտեմբերի 14-ին ելույթ կունենա Եվրախորհրդարանում և կներկայացնի էլեկտրաէներգիայի գնի արագ նվազեցման հստակ նախաձեռնություններ։
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳՈՐԲԱՉՈՎԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Մոսկվայի Արհմիությունների տանը տեղի է ունեցել Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողությունը: ԽՍՀՄ վերջին ղեկավարին հրաժեշտ են տվել հարազատները, համախոհները, քաղաքական գործիչներ, օտարերկրյա դիվանագետներ ու պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիներ։ Հիշատակի միջոցառմանը մասնակցել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Եվրոպական մի շարք այլ երկրներ սգո միջոցառմանը մասնակցել են դեսպանների մակարդակով: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, երկրի ղեկավար Պուտինը չի կարողանա մասնակցել Գորբաչովի պաշտոնական հրաժեշտին աշխատանքային ծանրաբեռնված օրվա պատճառով։
ԿԻԵՎԸ ԴԱՐՁՅԱԼ ՓՈՐՁԵԼ Է ԳՐԱՎԵԼ ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ԱԷԿ-Ը. ՌԴ ՊՆ
Անցած գիշեր Կիևը հերթական անգամ փորձել է գրավել Զապորոժիեի ատոմակայանը՝ չնայած այնտեղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակության ներկայությանը՝ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայի հատուկ ջոկատայիններն ու օտարերկրյա վարձկանները փորձել են վայրէջք կատարել Էներգոդարի տարածքում, սակայն ռուսական կողմին հաջողվել է
կասեցնել հարձակումը: